Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՀՀ Միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը լքել ու չի վերադարձել ավելի քան 55 հազար մարդ, նույն ցուցանիշն անցյալ տարի 11 հազար էր, իսկ 2019-ին՝ ընդամենը 3000։ Ծառայությունում ենթադրում են, որ Հայաստանի սահմանները հատած ու չվերադարձած մարդկանց նման թիվը պայմանավորված է հիմնականում աշխատանքային միգրացիայիով։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշել է, որ աշխատանքային միգրանտները որպես կանոն վերադառնում են Հայաստան, հետեւաբար թվերը պետք է ամփոփել տարեվերջին: Միեւնույն ժամանակ, ըստ Հրանուշ Խառատյանի, 2020 թվականի 44-օրյա պատերազմը չէր կարող ազդեցություն չունենալ միգրացիայի ցուցանիշների վրա։
«Այս պահին ընդհանրապես դատողություններ դժվարանում եմ ամփոփիչ ասել, բայց ես չեմ տեսնում հիմա ընտանիքներով արտագաղթ, ընտանիքներով մեկնումներ, որոնք կարող էին արտագաղթի ընդհանուր պատկերին մոտ լինել»,- ընդգծել է Հրանուշ Խառատյանը:
ՀՀ Միգրացիայի ծառայությանը ռուսաստանյան գործընկերների տրամադրած վիճակագրական տվյալները վկայում են, որ առաջին եռամսյակում Հայաստանից հեռացածների մեծ մասը մեկնել է Ռուսաստան:
2021-ի առաջին եռամսյակում Հայաստանից մեկնել է ընդհանուր առմամբ 127 հազար մարդ: Նրանց կեսից ավելին նշել է, որ գնում է Ռուսաստան աշխատելու։
Միգրացիոն ծառայության տվյալներով հայաստանցիների 72 տոկոսը մեկնել է Ռուսաստան, նրանց 82 տոկոսը՝ շուրջ 60-70 հազար մարդ, որպես ՌԴ մուտքի նպատակ նշել է Ռուսաստանում աշխատանքը: Մուտքերի եւ ելքերի նման դրական տարբերություն եղել է 2004-2006 թվականներին: