ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայիթիի քաղաքացիներին սահմանադրական կարգը պահպանելու եւ բռնություններից զերծ մնալու կոչ է արել:
«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է Հայիթիի Հանրապետության նախագահ Ժովենել Մոիզի սպանությունը: Դրա հեղինակները արդարադատության առաջ պետք է կանգնեն»,- նշված է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հաղորդագրության մեջ։
Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել է նաեւ, որ կանգնած է Հայիթիի ժողովրդի կողքին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 8-ի նիստին մտադիր է քննարկել իրադրությունը Հայիթիում:
Հայիթիի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Հայիթիի իշխանությունները նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո երկրում հուլիսի 8-22-ը 15-օրյա ազգային սուգ են հայտարարել: Երկրում նաեւ ռազմական դրություն է մտցվել: Մինչեւ նոր նախագահի ընտրությունը երկրի ղեկավարությունն իրականացնելու է նախարարների խորհուրդը՝ վարչապետի գլխավորությամբ:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Հայիթիի նախագահի տիկինը՝ Մարտին Մոիզը, որի մասին մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե հուլիսի 7-ին իրականացված հարձակման հետեւանքով ստացած ծանր վնասվածքներից մահացել է, իրականում այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է: ԱՄՆ-ում Հայիթիի դեսպան Էդմոն Բոկշիթը հայտնել է, որ հանգուցյալ նախագահի տիկնոջը բուժման նպատակով տարհանում են Մայամի:
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզին մահացել է իր նստավայրում անհայտ անձանց հարձակման հետեւանքով: Նա նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2017-ի փետրվարի 7-ից: