Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուի հետ հեռախոսազրույցի ժամանակ պաշտոնապես հերքել է Թուրքիայի մասնակցությունը միգրանտներին Բելառուս տեղափոխելու գործում։
Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են լեհ-բելառուսական սահմանին ապօրինի միգրացիային առնչվող իրավիճակը: Չավուշօղլուն ասել է, թե ցավում է, որ Անկարային փորձում են խնդրի կողմ դարձնել։
Թուրքիայի արտգործնախարարը անտեղի է համարել Անկարայի եւ Turkish Airlines ավիաընկերության հասցեին հնչող մեղադրանքները։ Նա Լեհաստանին առաջարկել է Թուրքիա տեխնիկական հանձնաժողով ուղարկել՝ միգրանտներին առնչվող ճգնաժամի շրջանակում ստուգումներ անցկացնելու համար:
Բելառուսի պետական սահմանային կոմիտեն երկուշաբթի հայտնել էր, որ փախստականների մի մեծաթիվ խումբ, հիմնականում՝ քրդեր, ճանապարհ են ընկել դեպի Լեհաստան-Բելառուս սահման: Սահմագածին՝ լեհական պատնեշների առջեւ, կանգ է առել ավելի քան 2 հազար փախստական, որոնց մեջ՝ զգալի թվով կանայք եւ երեխաներ։ Նրանք տարերային ճամբար են հիմնել։ Ավելի վաղ թուրքական ավիափոխադրողի հասցեին մեղադրանքներ են հնչել՝ ապօրինի միգրանտներին Բելառուս տեղափոխելու համար։