Ադրբեջանական գերությունից նոյեմբերի 26-ին հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել է, որ իր պաշտպանյալը փետրվարի 6-ին ազատ կարձակվի։
Ըստ փաստաբանի՝ դատարանը մերժել է Ապրիլյան քառօրյա պատերազմի, 2020-ի հուլիսյան մարտերի եւ 44-օրյա պատերազմի մասնակից Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։
Արեն Արամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։
Պաշտպանական կողմը միջնորդության հիմքում դրել էր երկու նոր հանգամանք՝ նախաքննության ավարտն ու Արամյանի վատթարացած առողջական վիճակը: