Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ գրասենյակում ընդունել է շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին։ ՄԻՊ-ն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության կարեւորագույն բաղադրատարրի՝ խոսքի եւ տեղեկատվության ազատության իրավունքի իրացման շուրջ ՄԻՊ աշխատակազմի եւ ԶԼՄ ներկայացուցիչների առաքելությունը ընդհանրություններ ունի, եւ այդ համատեքստում կարեւորել է հանրության կրթման ու իրավագիտակցության բարձրացման համար ջանքերի մեկտեղումը։
Պաշտպանը ԶԼՄ գործընկերներին ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմում ստացված նախորդ տարվա դիմում-բողոքների ուսումնասիրությունների արդյունքում վերհանված տեղեկատվության ազատությանը վերաբերող վիճակագրական տվյալները:
Պաշտպանը հանգամանորեն անդրադարձել է հավաքների ու անհնազանդության ակցիաների ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում արձանագրված անհամաչափ ուժի կիրառման, բերման ենթարկման ընթացակարգային խախտումների, լրագրողների հանդեպ պետական բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից բռնության դեպքերին։
Միաժամանակ ՄԻՊ-ն ընդգծել է նաեւ լրատվամիջոցի կողմից ատելության ու անհանդուրժողականության հրահրման ու տարածման անթույլատրելիության մասին՝ որպես պատասխանատու եւ պրոֆեսիոնալ լրագրության սկզբունք։
Պաշտպանն անդրադարձել է նաեւ հանրային մեծ հնչեղության եւ ցասման արժանացած վրաերթի հետեւանքով մահացած հղի կնոջ դեպքի քրեաիրավական, բարոյահոգեբանական կողմերին եւ ոստիկանական ուղեկցող ծառայության մասնագիտական ասպեկտներին։
ՄԻՊ-ը խոսել է նաեւ հանրային քննարկման առիթ դարձած անհնազանդության բողոքի ակցիաներին երեխաների գիտակցված մասնակցության իրավունքի իրացման, երեխայի լավագույն շահի առաջնահերթության եւ ակցիաներով պայմանավորված՝ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիրներին: Նա անդրադարձել է նաեւ դատական գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրության համակարգի կասեցված լինելու հանգամանքի ռիսկերին եւ ոստիկանության զորքերի բարեփոխման գործընթացի շարունակականության ապահովման անհրաժեշտությանը։
ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերն այցելել են բերման ենթարկվածներին
ՄԻՊ-ի գրասենյակից հայտնել են, որ պաշտպանի իրականացրած ԶԼՄ եւ սոցիալական ցանցերի մշտադիտարկումն արձանագրել է ոստիկանության ծառայողների նկատմամբ անհանդուրժողական ու վիրավորական վարքագծի դրսեւորումներ։
ՄԻՊ-ի գրասենյակի հաղորդագրությունում նշվում է, որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են չհեռացնել իրենց հրապարակած նյութերի ներքո ծավալվող վիրավորական ու ծայրահեղ անընդունելի բառապաշարով կատարվող մեկնաբանությունները։
ՄԻՊ-ի գրասենյակից հայտնել են նաեւ, որ ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մայիսի 4-ին այցելել են Երեւանի 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն եւ իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 32 անձանց։
Արագ արձագանքման խմբերն արձանագրել են մի շարք խախտումներ: Արձանագրվել են ոստիկանության ծառայողների կողմից անձի հիմնարար իրավունքների խախտմամբ, ընդհուպ անձնական բջջային հեռախոս մուտք գործելով ստիպողաբար նույնականացման դեպքեր։ Մասնավորապես Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախ քաղաքացուն իր կամքին հակառակ տեխնիկական սարքերով փորձել են նույնականացնել, այնուհետեւ նույն նպատակով քաղաքացու անձնական բջջային հեռախոսով մուտք են գործել վերջինիս վայբեր անձնական հաշիվ, իմացել նրա անունը, նույն հեռախոսով, Ֆեյսբուք սոցիալական ցանցի նրա էջով պարզել են վերջինիս անունը, ազգանունը եւ նման ապօրինի եղանակով նույնականացրել անձին, հասանելիություն ստացել անձնական տվյալների:
Պաշտպանը հատուկ զգուշացրել է ՀՀ ոստիկանությանը, որ պետք է բացառել նման ակնհայտ ապօրինի գործողությունները, դրանք անթույլատրելի են, կոպտորեն խախտում են քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Այդ իրավունքները գերակա են ոստիկանության ծառայողների առջեւ դրված ծառայողական խնդիրների կատարման նկատմամբ, եւ ոստիկանության ծառայողը պետք է ձեռնպահ մնա այդ իրավունքների ակնհայտ խախտումներ թույլ տալուց։
Պաշտպանը ոստիկանության ծառայողներից պահանջել է իրավաչափ վարքագիծ դրսեւորել
Կրկին արձանագրվել են անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման դեպքեր։ Մասնավորապես, Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերված անձանց հետ տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ Ոստիկանության ծառայողները բերման ենթարկելիս անձի նկատմամբ կիրառել են բռնություն. 5-10 ոստիկաններ հարվածելով, հայհոյելով, հրմշտելով, գետնին գցելով, քարշ տալով վարչական ձերբակալման ենթարկված անձին նստեցրել են ոստիկանական մեքենան:
Բացի դրանից՝ զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նաեւ ոստիկանների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելիս հայհոյանքի, անհարկի հրմշտելու, ոստիկանության ծառայողի կարգավիճակից չբխող տոնայնության ու ոճի «խոսակցությունների» դեպքեր։ Պաշտպանը եւս մեկ անգամ պահանջում է ոստիկանության ծառայողներին դրսեւորել իրավաչափ վարքագիծ եւ ծառայողին պատշաճող հաղորդակցության ոճ։ Պաշտպանը հետեւողական է լինելու արձանագրված յուրաքանչյուր խախտման մասով մանրամասն քննություն իրականացնելու հարցում։
Բերման են ենթարկվել ոստիկանի պահանջը կատարող ցուցարարներ եւ բողոքի ցույցերին չմասնակցողներ
Արձանագրվել են ոստիկանի պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու դեպքեր։ Առանձնազրույցների ընթացքում անձինք պնդել են, որ բերման են ենթարկվել անհիմն՝ պարզաբանելով, որ ոստիկանության ծառայողները պահանջել են դուրս գալ փողոցից, քաղաքացիները դուրս են եկել, քայլել են մայթով: Պահանջը կատարելուց հետո 5 րոպե անց սկսել են իրենց ենթարկել վարչական ձերբակալման:
Արագ արձագանքման խմբերն արձանագրել են նաեւ բողոքի ակցիաների գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց բերման ենթարկելու դեպքեր։ Մասնավորապես՝ այսօր Հանրապետության հրապարակում ակցիայի իրականացման շրջանակում բերման են ենթարկվել նաեւ անձինք, որ գտնվել են հարեւանությամբ եւ, օրինակ, հաղորդակցվել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Վերջիններս ՄԻՊ-ի ներկայացուցիչներին հայտնել են, որ տեղում ոստիկանության գործողությունները համակարգող փոխգնդապետի ցուցումով են բերման ենթարկվել, եւ լսել են ռադիոկապով տրված ցուցումն իրենց բերման ենթարկելու մասին։
Պաշտպանը կրկին արձանագրում է, որ որեւէ պարագայում չի կարող իրավաչափ համարվել անձին բերման ենթարկելը ոստիկանության պահանջը չկատարելու հիմքով այն դեպքում, երբ վերջինիս ոչ միայն պահանջ չի ներկայացվել, այլ անձն ընդհանրապես կատարվող գործողություններին մասնակից չի հանդիսացել։ Անձի ազատության նման սահմանափակումն օրինական չէ։
Ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը զանգվածային են
ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մայիսի 3-ին այցելել են Երեւանի 8 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն եւ իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 125 անձանց։ Պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է նաեւ Գեղարքունիք մարզի Սեւան քաղաքի ոստիկանության բաժնում բերման ենթարկված 8 անձի, իսկ ընդհանուր առմամբ խորհրդատվություն է տրամադրվել ավելի քան 10 անձի Գեղարքունիքի մարզում։
ՄԻՊ-ին հատկապես մտահոգել են ՀՀ ԱԺ պատգամավորների բերման ենթարկելու փորձերը, մի դեպքում էլ պատգամավորին բերման ենթարկել են, սակայն բաժնի մոտ ազատ են արձակել։ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորն օժտված է սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակով, վերջիններս ազատությունից կարող են զրկվել օրենսդրությամբ սահմանված հատուկ ընթացակարգով։ Հետեւաբար բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանության ծառայողը գիտի անձի՝ պատգամավորի կարգավիճակ ունենալու մասին, պետք է ձեռնպահ մնա վերջինիս բերման ենթարկելու փորձերից։
Արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների ներկայացրած պահանջը կատարելուց հետո, այնուամենայնիվ, անձինք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Մասնավորապես արձանագրվել են ճանապարհները բացելու պահանջը քաղաքացիների կողմից կատարելուց հետո վերջիններիս բերման ենթարկելու դեպքեր։
Պաշտպանն արձանագրում է, որ այս իրավիճակներում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով բերման ենթարկելը ի սկզբանե ապօրինի է եւ անթույլատրելի։ Ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնա առանց հիմքերի եւ հիմնավորումների արդեն իսկ ներկայացված պահանջը կատարած անձանց բերման ենթարկելուց։
Պաշտպանի մշտադիտարկումը վեր է հանել մի քանի դեպքեր, երբ ակցիայի մասնակիցների կողմից ոստիկանի նկատմամբ դրսեւորվել է վիրավորական վարքագիծ, մեկ դեպքում էլ՝ ոստիկանության ծառայողին վնասվածք հասցնելու դեպք։
ՄԻՊ-ի տարեկան զեկույցը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 4-ին նաեւ Ազգային ժողովում ներկայացրել է «2021 թվականին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։
Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական սկզբունքները եւ առաջընթացի ռազմավարական ուղղությունները, վիճակագրական տվյալները 2021 թվականի ընթացքում պաշտպանի գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին։