ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2022-ի մարտի 15-ից հետո ընդունած վճիռները։ Մինչ այդ ուժի մեջ մտած վճիռներով նախատեսված փոխհատուցումները կվճարվեն միայն ռուբլով, փոխանցումները կիրականացնեն միայն ռուսաստանյան բանկային հաշիվներին։
Վոլոդինը նշել է, որ ՄԻԵԴ որոշումները չկատարելու մասին որոշումը Պետդուման կհաստատի առաջիկա օրերին։
Պետդումայի խոսնակը պնդել է, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դարձել է Ռուսաստանի դեմ քաղաքական պայքարի գործիք արեւմտյան քաղաքական գործիչների ձեռքում: Նա հայտարարել է, թե որոշ վճիռներ ուղղակիորեն հակասում են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը, Ռուսաստանի արժեքներին եւ ավանդույթներին։
Վոլոդինը շեշտել է, որ նոր օրենքով այսուհետ ռուսական դատարանների որոշումները գերակա կլինեն ՄԻԵԴ որոշումներից։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպայի խորհրդի աշխատանքային 3 հիմնական մարմիններից մեկն է։ Մյուս երկուսն են Նախարարների կոմիտեն եւ Խորհրդարանական վեհաժողովը։
Ռուսաստանը Եվրոպայի խորհրդին է միացել 1996-ին։ 26 տարի անց երկիրը դուրս է մնացել Եվրախորհրդից։ Ընդ որում, ՌԴ-ն պատմության մեջ առաջին երկիրն է, որը դուրս է մնացել կառույցից։ Մոսկվան պնդում է, թե ինքն է դուրս եկել Եվրոպայի խորհրդից։