• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ԱշխարհՔաղաքականություն

Մենք մեր լինելու համար ենք կռվում

Վարդան Հարությունյան 18:30 | 28.02.2023
Վարդան Հարությունյան 18:30 | 28.02.2023
Stepan Khmara

Վարդան Հարությունյանը հատուկ «Ալիք Մեդիայի» համար զրուցել է Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին  Ուկրաինայի Գերագույն Ռադայի երեք գումարումների պատգամավոր, խորհրդային տարիների քաղբանտարկյալ, Ուկրաինայի հերոս 86-ամյա Ստեփան Խմարայի հետ։

Ստեփա՛ն, մենք հին բարեկամներ ենք։ Ես գիտեմ Ձեզ, գիտեմ Ձեր մոտեցումները, գիտեմ նաեւ, որ միշտ եք Ռուսաստանը համարել Ուկրաինային թշնամի։ Շատ տարիներ առաջ էիք սրա մասին խոսում, դեռ մինչեւ այս մեծ պատերազմը, անգամ մինչեւ 2014 թվականը։ Անցած դարի 90-ականներին էիք խոսում Ռուսաստանից Ուկրաինային սպասվող լուրջ վտանգի մասին։ Ի՞նչ կասեք, նման մեծ պատերազմ, այնուամենայնիվ, սպասո՞ւմ էիք։

Ռուսական կայսրությունը Ուկրաինայի եւ ոչ միայն Ուկրաինայի, այլ նաեւ իր այլ գաղութների կորստի հետ չի կարող համակերպվել։ Սա բխում է կայսրության էությունից։ Պատերազմով կամ տարատեսակ այլ ճնշումներով անպայման պետք է փորձի վերականգնել կորցրածը։ Այս առումով պատերազմն, անկասկած, սպասելի էր։ Ես դրանում երբեք չեմ կասկածել։ Միայն հայտնի չէր, թե երբ է այն սկսվելու։ Դոնբասում պատերազմն ութ տարուց ավելի ընթանում էր։ Դանդաղ, բայց ընթանում էր։ Ուկրաինան, պարզ է, չէր պատրաստվում համակերպվելու արեւելյան շրջանների ու Ղրիմի կորստի մտքի հետ, իսկ սա նշանակում էր, որ Ռուսաստանը պետք է ճնշեր, պետք է հարձակվեր։ Այնպես որ, պատերազմ լինելու էր։ Ես կարծում էի, թե նրանք կհարձակվեն միայն արեւելքում ու հարավում՝ Ղրիմից, բայց որ հարձակումը կլինի սահմանի ողջ պարագծով, չէի մտածում։ Չէի կարծում, թե նրանք այդքան հիմար են։ Բայց պարզվեց՝ սխալվել եմ։ Միայն ես չէ, շատերն են սխալվել։ Նրանք շատ ավելի հիմար են, քան բոլորիս թվում էր։

Իսկ կարո՞ղ էր Ուկրաինան բացառել պատերազմը։ Ինչ-ինչ քայլեր կատարել։ Օրինակ, արագացնելով ընթացքը դեպի Արեւմուտք՝ լինել ավելի պաշտպանված։ Սրա մասին շատ է խոսվում։

Արեւմուտքը մեզ այնքան էլ չէր սպասում։ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարցն ընդհանրապես փակ էր։ Ի դեպ, ասեմ՝ անձամբ ես դեմ եմ, որ Ուկրաինան Եվրամիության անդամ դառնա։ Բայց դա այլ թեմա է։ Պատերազմի պարագայում սրա մասին խոսելը տեղին չէ։ Մեկ այլ առիթով, երբ կխաղաղվի, կարելի է խոսել դրա մասին։ Ես պատրաստ եմ, ունեմ իմ հիմնավորումներն ու սիրով կներկայացնեմ։ Արեւմուտքը, հատկապես Եվրոպան, հակված էին դեպի Ռուսաստան։ Էժան էներգակիրները շլացրել էին նրանց։ Ցանկացած զիջման պատրաստ էին։ Սրան էլ եթե ավելացնենք, որ Ռուսաստանը հսկայական միջոցներ էր վատնում արեւմտյան գործիչներին գնելու, նրանց կոռումպացնելու, իր տնտեսական ու քաղաքական շահերի սպասարկուն դարձնելու նպատակով, վիճակն ավելի պարզ կդառնա։

Դուք հսկայական փորձ ունեք։ Երկար տարիների քաղաքական գործիչ եք։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի երեք գումարումների պատգամավոր եք եղել։ Ի՞նչ կասեք Ուկրաինայի իշխանությունների մասին։ Պատերազմական այս վիճակում ինչպե՞ս են դրսեւորում իրենց։ Կա՞ քննադատության տեղ։

Նրանք վատ են պատրաստվել պատերազմին։ Վտանգը գուցե հասկացել են, բայց նման սցենար չեն պատկերացրել։ Հետեւաբար համապատասխան քայլեր չեն ձեռնարկել։ Այդ պատճառով էլ ռուսները կարողացան այդքան առաջ գալ։

Մերոնց նման վատ պատրաստվածության պարագայում, եթե ռուսները լինեին շրջահայաց ու շարժվեին մեկ ճակատով, ասենք՝ Կիեւի ուղղությամբ, ապա մեր վիճակը կարող էր լինել չափազանց ծանր։ Նրանք կարող էին Կիեւը վերցնել։ Լավ է, մեր բախտը բերել է, որ նրանք այդքան խելոք չեն։

Պատերազմի առաջին օրերին մարդիկ խմբերով՝ անկախ տարիքից, սոցիալական կարգավիճակից, զինվորական փորձ ունենալ-չունենալուց, շրջապատում էին զինկոմիսարիատները, տարածքային պաշտպանության կենտրոնները եւ իրենց քաղաքը, իրենց երկիրը պաշտպանելու համար զենք էին պահանջում։ Պատկերը շատ հուզիչ էր։ Այդ օրերին զենք բոլորին էին տալիս։ Պետք էր ընդամենը ներկայանալ անձնագրով։ Կամավորագրվողների պակաս չկար։ Կռվելու, դիմադրելու բոլորն էին պատրաստ։ Սա մեծ օգնություն էր բանակին։

Ռուսները բոլորովին այլ պատկերացումներ ունեին Ուկրաինայի եւ ուկրաինացիների մասին։ Կարճամիտ քարոզչությամբ իրենք իրենց հավատացրել էին, թե Ուկրաինան չի դիմադրելու, թե ուկրաինացիները գրկաբաց են իրենց դիմավորելու։ Բայց ստացան այն, ինչ պետք է ստանային։

Իսկ ինչպե՞ս կգնահատեք Զելենսկուն պատերազմից առաջ, պատերազմի սկզբում եւ այսօր՝ մեկ տարի անց։ Իմ կարծիքով մենք երեք տարբեր Զելենսկիների հետ գործ ունենք։ Այդպե՞ս է։

Դե, Զելենսկին (ծիծաղում է) բոլորովին պատահական մարդ էր։ Երկրի կառավարմանը բոլորովին անպատրաստ։ Երբ եկավ իշխանության, նրան թվում էր, թե ռուսների հետ կարող է պայմանավորվել։ Ընդունեց անգամ Դոնբասում զինված ուժերը հետ քաշելու ռուսական առաջարկը՝ չհասկանալով, որ այն ըստ էության միակողմանի հետքաշում էր։ Չէր հասկանում, որ ռուսները պայմանավորվել ասելով հասկանում են կապիտուլյացիա։ Այլ տարբերակ նրանք չգիտեն։ Այլ տարբերակ չէին էլ առաջադրում։ Միայն կապիտուլյացիա։ Ուկրաինան պետք է համաձայներ ու զիջեր ոչ միայն Ղրիմը, այլ նաեւ արեւելյան մարզերը։ Պատերազմը, հատկապես՝ պատերազմի նախօրյակին Պուտինի ելույթը ցույց տվեցին, որ այդ զիջումներն անգամ բավարար չէին լինելու։ Նրանց համար անընդունելի է Ուկրաինա կոչվող անկախ պետության գոյությունն ընդհանրապես։

Երբ սկսվեց լայնածավալ պատերազմը, Զելենսկին մոլորված էր։ Նման զարգացում չէր սպասում բոլորովին։ Կհիշեք, առաջին շրջանում անընդհատ բանակցելու ու պայմանավորվելու մասին էր խոսում։ Պատերազմից մեկ ամիս անց՝ մարտի 29-ին՝ Ստամբուլի հանդիպման ժամանակ, Ուկրաինան, ըստ էության, հանձնվում էր։ Դա կապիտուլյացիա էր։ Եթե ռուսական ապուշներն իրավիճակը ճիշտ գնահատեին, ընդունեին այդ պայմանավորվածությունները, ապա մեզ համար շատ վատ էր լինելու։

Նրանք, փաստորեն, ըստ Ստամբուլյան համաձայնագրի, իրենց վերահսկողության տակ էին պահելու հսկայական կտորներ Ուկրաինայից, Ուկրաինան էլ պարտավորվում էր որեւէ ռազմական բլոկի չանդամակցել եւ, ըստ էության, հայտնվել ռուսական ազդեցության ոլորտում։ Բայց, հուրախություն մեզ, Պուտինը ցանկանում էր ստանալ ամբողջն ու միանգամից։ Սրանից էլ շահեց Ուկրաինան։

Շատ մեծ դեր խաղաց նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ապրիլի 9-ի այցը Կիեւ։ Այդ այցից հետո Զելենսկին դադարեց խաղաղությունից ու աննպատակ բանակցություններից խոսելուց, քանի դեռ ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքում են։

Մեր կողմից թույլ տրված սխալներին, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում, մենք, իհարկե, կանդրադառնանք, բայց պատերազմից հետո։ Այսօր դրա ժամանակը չէ։ Իհարկե, կան հարցեր, որոնց պատասխաններն անպայման պետք է հնչեն։ Օրինակ, թե ինչպես եղավ, որ Ղրիմից շարժվող ռուսական ուժերը շատ արագ ու առանց դիմադրության կարողացան մեր երկրի հարավային հատվածը գրավել։ Այնտեղ, հաստատ, դավաճանություն կա։

Բայց դրսնից ուկրաինական իշխանությունները շատ բարձր գնահատականի են արժանանում։ Հիանում են նրանցով։ Սխալները, եթե կան, չեն նկատում։ Նրանք այսօր քննադատությունից դուրս են։ Ուկրաինայի ներսում գուցե եւ կան հարցեր, բայց Ուկրաինայից դուրս նրանք միանշանակ են ընկալվում։

Մենք էլ չենք քննադատում։ Հարավում տեղի ունեցածի մեղքը, իհարկե, նախագահի ու նրա թիմի վրա է, բայց այսօր անգամ դրա մասին չենք խոսում։ Մենք սրան, արդեն ասացի, կանդրադառնանք պատերազմից հետո։ Ինչ էլ լինի, պետք է փաստենք, մեր զինվորական ղեկավարությունը իր առջեւ դրված խնդիրը կարողացավ ու կարողանում է լուծել։

Վերջին 8-9 տարիների ընթացքում մեզանում նոր սպայական դպրոց է ձեւավորվել։ Նրանք Դոնբասում լուրջ փորձ են ձեռք բերել, կռվել են սովորել։ Փորձառու սպաներից շատերն արդեն մեր բանակի միջին ու վերին օղակներում են։ Սա ուրախացնող փաստ է։ Նրանց շնորհիվ է, որ հաջողություններ ենք գրանցում։ Էլ չասած՝ մեր երիտասարդ գեներալների մասին։ Բոլորս ենք նրանցով հիանում։

Ստեփա՛ն, պատերազմը սկսվելուն պես շատերը Ուկրաինայի արեւելյան ու կենտրոնական շրջաններից արեւմտյան շրջաններ տեղափոխվեցին, շատերն էլ լքեցին երկիրը։ Գիտեմ՝ դուք միշտ Կիեւում եք եղել։ Հեռանալու ցանկություն չի՞ եղել։

Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Շատ ծանոթներ ունեմ, որոնք հեռացել են։ Ինձ էլ էին առաջարկում։ Միշտ մերժել եմ։ Իմ ընտանիքը մնաց ու մնալու է Կիեւում։ Կինս, ինչպես բոլոր կանայք, հեռանալուն գուցե դեմ չէր, բայց ես ու որդիս, որ ուսանող է, մերժեցինք կտրականապես։ Եթե կինս հեռանալ ցանկանար, մենք դեմ չէինք լինի ու նրան Ուկրաինայի արեւմտյան մարզեր կուղարկեինք, բայց ինքներս, անկասկած, մնալու էինք։ Տեսնելով մեր վճռականությունը՝ նա էլ մնաց։ Մենք նաեւ զենք ունեինք։ Եթե տեղի ունենար սարսափելին, եւ ռուսները Կիեւ մտնեին, կռվելու էինք։ Սա հաստատ է։ Նրանք, իհարկե, մեզ կսպանեին, բայց մեր կյանքը ձրի չէինք տալու։ Այլ տարբերակ մենք չէինք տեսնում։

Վստահությունը, որ լավ է լինելու, չի լքում, հա՞։

Այո՛, իհարկե, բայց մենք հասկանում ենք, թե որքան դժվար է լինելու։ Հսկայական զոհեր ենք տվել, քաղաքներ են ոչնչացվել։ Մեզ համար այս պատերազմը լինել-չլինելու պատերազմ է։ Մենք մեր լինելու համար ենք կռվում։ Այլ ընտրություն չունենք։ Սա հասկանում են ուկրաինացիները, չեն տրտնջում, դիմանում ու դիմակայում են, եւ սա հպարտություն է ներշնչում։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թամանյան եւ Իսահակյան խաչմերուկները 2 ամսով փակ կլինեն
հաջորդը
Մոսկվան եւս առանձնակի չէր աջակցում Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարմանը. Տիգրան Գրիգորյան

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023
  • Դոնալդ Թրամփը կկանգնի դատարանի առջեւ

    15:38 | 31.03.2023
  • Թուրքիայի մեջլիսը քվեարկել է հօգուտ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը

    14:55 | 31.03.2023
  • Սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր...

    14:00 | 31.03.2023
  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա