Գյումրի-Երեւան մայրուղու Շիրակի մարզի Ազատան գյուղի հատվածը մարտի 3-ին մոտ կես ժամով փակ էր: Բողոքի ակցիան իրականացնողները Պալյան Պողոսյանի հարազատներն էին: Նույն օրը Պալյանը պետք է զորացրվեր, բայց 8 ամիս առաջ Սյունիքի դիրքերից մեկում վառարանից բռնկված հրդեհի պատճառով զոհվել էր:
Հիշեցնենք. 19-ամյա Պալյան Պողոսյանը 60 տոկոս այրվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: 10 օր պայքարել էր կյանքի համար, բայց նրան փրկել չէր հաջողվել։
Ազատանցի Պողոսյանների ընտանիքը 8 ամիս շարունակ Կառավարությունից ու պաշտպանության նախարարությունից պատասխանի է սպասում. խաղաղ պայմաններում ինչո՞ւ եւ ո՞ւմ մեղքով զոհվեց Պողոսյան գերդաստանի միակ արու զավակը:
Որդեկորույս ծնողները չեն հաշտվում փաստի հետ, որ գործը տեղից չի շարժվում. չկան բացահայտված մեղավորներ, չկա ցանկություն զբաղվելու գործի բացահայտմամբ:
Պալյանի մայրը՝ Գալյա Պողոսյանը, բողոքի ակցիայով դիմեց այն մարդկանց, ովքեր պարտավոր են բացահայտել գործը: Ասում է՝ նստել են աթոռներին, անգամ հարկ չեն համարում լսել իրենց: «18 տարի պահել, տվել եմ պետությանը: Այսօր ես պետք է դիմավորեի նրան, ոչ թե գայի, պահանջեի-խնդրեի, թե ընդունեք ինձ: Սուրե՛ն Պապիկյան, եթե դու ինձ պատասխան չունես տալու, ինչո՞ւ ես շարունակում պաշտպանության նախարար մնալ: Իմ տունը քանդեցիր, հիմա էլ մյուսների՞նն ես ուզում քանդել»:
Որդեկորույս մայրը կրկին դիմեց բոլոր ծնողներին՝ հորդորելով, որ անտարբեր չմնան իր վշտին, այն բոլորին է վերաբերում:
Պալյանի հայրն ու պապը եւս ասացին, որ տեղի ունեցածի միակ մեղավորը Կառավարությանն է: «Որդուս մահվան գլխավոր մեղավորները Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանն են: Եթե հիմա էլ մեզ չընդունեն, խոստանում ենք, որ Շիրակից սկսել են քայլել, այստեղ էլ կավարտվի իրենց իշխանությունը: Գոնե մեկ անգամ զանգեին, ներողություն խնդրեին»,- ասաց Պալյանի հայրը:
Ճանապարհային ոստիկանության հոծ բազմությունը նախ փորձեց համոզել, ապա ուժով բացել ճանապարհը: Ազատանցիները ճանապարհը բացեցին այն ժամանակ, երբ իմացան, որ 30 րոպեից պաշտպանության նախարարությունից կզանգեն Պալյաններին:
Ավելի ուշ Պողոսյաններին հայտնեցին, որ մարտի 7-ին հրավիրված են զինդատախազություն, ինչից հետո իրենց ընդունելու է Սուրեն Պապիկյանը:

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։