Հունիսի 6-ին ՈԵրեւան ժամանած Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ առանձնազրուցներ են ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կողմերը քննարկել են Բրյուսելում եւ Քիշնեւում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Հանդիպման առանցքում եւս տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր են եղել։ Կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումն առանց ռազմատենչ հռետորաբանության եւ ուժի կիրառման սպառնալիքից զերծ միջավայրում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, դրանց թվում՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ կազմակերպման հեռանկարները, սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքներին առնչվող հարցեր: Բոլոր հանդիպումներում ներկա է եղել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: