«Եթե մինչեւ ժամը 6-ը Արցախի ճանապարհը չբացվի, սնունդն էլ չմտնի Արցախ, ուրեմն մենք այդ ճանապարհը կբացենք»,-այսօր կառավարության մոտ հայտարարել են «Խաչակիրներ» ջոկատի անդամները, որոնք հավաքվել են այնտեղ ու պահանջում են, որ քայլեր ձեռնարկվեն Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ:
Ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը կառավարությունում հանդիպել է մի մարդու հետ, որը «մեզ ոչնչով օգուտ տալ չէր կարող, միայն մեր ասածը պետք է փոխանցի (Նիկոլ Փաշինյանին — խմբ․)»:
44-օրյա պատերազմի մասնակիցները զգուշացնում են, որ կտրուկ քայլերի կդիմեն: Նրանք ասում են, որ եթե կառավարությունը չի կարող բացել միջանցքը, «թող մեզ զինի, որպեսզի թեկուզ զոհվելու գնով, կարողանանք բացել Լաչինի միջանցքը»:
Եթե այսօր հնարավոր լինի սննդով լի բեռները հասցնել Արցախ, ապա բողոքավորներն, ըստ իրենց, կանցնեն մյուս քայլերին, «քանի որ պատերազմն ավարտված չէ»։ Ըստ Պողոսյանի` Արցախը հնարավոր է պահել միայն պատերազմով: