ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ փախստականների եւ միգրանտների հարցով հատուկ ներկայացուցիչը Հայաստան է եկել, որպեսզի գնահատի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց կարիքները:
Բուրիչը հայտնել է, որ երբ իր ներկայացուցիչը Հայաստանից վերադառնա, մարդկանց աջակցելու ծրագիր կմշակվի: «Հարկավոր է հասկանալ՝ երբ եւ ինչպես այդ մարդիկ կարող են վերադառնալ իրենց տներ: Քանի որ, կարծում եմ, ոչ ոք չի ցանկանում փախստական լինել, ոչ ոք չի ցանկանում լքել այն վայրը, որտեղ ծնվել է, կամ որտեղ իր նախնիներն են ծնվել: Պետք է անենք հնարավորը, որ այդ մարդիկ հետ գնան»,– ասել է նա «Առաջինի լրատվական ալիք»-ին։
Բուրիչը հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի քարտուղարության առաքելություն ուղարկել նաեւ Ադրբեջան՝ խոսելու ադրբեջանական իշխանությունների հետ եւ հասկանալու՝ ինչպիսին է ստեղծված իրավիճակին առնչվող նրանց գնահատականը: «Այսպիսով նաեւ կոչ եմ անում Ադրբեջանին լիովին հետեւել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, քանի որ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլորն իրավունք ունեն օգտվելու բոլոր ազատություններից եւ իրավունքներից»,- ընդգծել է ԵԽ գլխավոր քարտուղարը: