Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, նոյեմբերի 11-ին ելույթ ունենալով Էր Ռիադում անցկացված գագաթնաժողովում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել միջազգային խաղաղության համաժողով անցկացնել եւ ապահովել Պաղեստինի ժողովրդի միջազգային պաշտպանությունը։ Ըստ նրա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է նաեւ կանխի «Գազայի հատվածում պաղեստինցիների բռնի տեղահանումը»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին կոչ է արել իսլամական երկրների ղեկավարներին Պաղեստինի հարցում հաստատուն որոշում ընդունել եւ կյանքի կոչել այն։ Նա հավելել է, որ Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծության անհապաղ դադարեցումը, Գազայի ժողովրդի համար օգնության ճանապարհի բացումը, Գազայի իրավունքների իրացումը կազմակերպության հիմնական նպատակներն են:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է փոխհատուցում վճարի պաղեստինցիներին: «Իսրայել պետությունը, որ իրեն պահում է արեւմուտքի քմահաճ զավակի պես, պետք է փոխհատուցի իր հասցրած վնասը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Էր Ռիադում արաբա-իսլամական գագաթնաժողովի ժամանակ կոչ է արել անհապաղ եւ անվերապահ հրադադար հաստատել։ «Մենք պահանջում ենք հրադադարի ռեժիմ եւ Գազայի հատվածում հանցագործությունների հետաքննություն»,- շեշտել է Եգիպտոսի նախագահը։
Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին, ելույթ ունենալով Էր Ռիադում անցկացված գագաթնաժողովում, ասել է, որ Դոհան կշարունակի ջանքերը պատանդների խնդիրը լուծելու եւ Գազայի հատվածում մարդասիրական դադարի հասնելու համար։ Նա նաեւ պահանջել է բացել Գազայի հատվածի անցակետերը՝ հավելելով, որ մերժում է օգնության տրամադրման կամայականությունը եւ այն ռմբակոծելու սպառնալիքը։