Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է, որ ձմռանը Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հնարավոր հարձակումների դեպքում Կիեւն ի պատասխան կհարձակվի Ռուսաստանի նավթագազային ենթակառուցվածքի վրա։
Ամերիկյան Politico պարբերականին տված հարցազրույցում Գալուշչենկոն ասել է, որ Ռուսաստանը պարբերաբար կիբերհարձակումներ է գործում Ուկրաինայի էլեկտրացանցերի վրա։ Նա չի բացառել, որ ցրտերը սկսվելուն պես, երբ մարդիկ տները տաքացնելու համար ավելի կախում կունենան էներգիայից, ռուսական հարձակումները կուժգնանան:
Հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան այս ձմռանը երկրի էներգացանցերի վրա Ռուսաստանի հարձակումների դեպքում պատասխան հարված կհասցնի: Հարցին, թե արդյոք Զելենսկու «պատասխանը» ներառում է Ռուսաստանի նավթագազային ենթակառուցվածքի վրա Ուկրաինայի հարձակման հնարավորությունը, Գալուշչենկոն պատասխանել է. «Դա արդարացի կլիներ»:
Գալուշչենկոն նշել է, որ համաձայն չէ այն տեսակետին, որ ռուսական նավթագազային ենթակառուցվածքների վրա հարձակումները կհանգեցնեն գների բարձրացման: Նրա համոզմամբ՝ նավթն ու գազը վառելիքի այն տեսակներն են, որոնք կարելի էր գնել ոչ միայն Ռուսաստանում։ «Վստահ եմ, որ աշխարհը կարող է գլուխ հանել»,- շեշտել է նախարարը։