Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Հաթերք գյուղի՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրը եւ շրջակա գերեզմանոցը ենթարկվել են վանդալիզմի: Վանդալիզմի մասին ահազանգել է Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունը։
Հունվարի 15-ին ադրբեջանական Milli TV յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութից երեւում է, որ մասնավորապես շրջված են Հաթերք գյուղի պաշտպանների դիմանկարներով հուշաքարերի մեծ մասը, ինչպես նաեւ որոշ գերեզմանաքարեր: Տեսանյութը նկարահանել են հուշահամալիրի մոտ ինչ-որ աշխատանքներ իրականացնող ադրբեջանցիները: Տեսանյութում նաեւ երեւում է, որ աշխատանքային գործիքներ, գազի բալոն են տեղադրված հուշաքարերի վրա (https://www.youtube.com/watch?v=JButw96OfLk):
Հաթերք գյուղը բավականին տուժել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին: 1992-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են հայաթափել ու ոչնչացնել գյուղը: 1992-1993 թվականներին ադրբեջանական զինված ուժերը երկու անգամ բռնազավթել են այն: Ներխուժման ժամանակ ադրբեջանցի զինվորականները սպանել են Հաթերք գյուղի 19 խաղաղ բնակիչներին, որոնք չէին հասցրել հեռանալ։ Գյուղի ինքնապաշտպանության եւ ազատագրման համար մղված մարտերում զոհվել է 57 հոգի: Զոհվածների հիշատակին նվիրված եղբայրական գերեզմանատանը կանգնեցված հուշահամալիրի կառուցման աշխատանքները սկսվել էին 2002-ին եւ ավարտվել 2005-ին։
Monument Watch կազմակերպության արձագանքը
Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի եւ հաշվեհարդարի ցանկացած գործողություն։
Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգեւոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը եւ այդպիսի արարքը, ըստ 15-րդ հոդվածի, որակում միջազգային հանցագործություն։
Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաեւ Ժնեւի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների եւ սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների եւ արձանագրությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի եւ Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։