Bloomberg գործակալությունը հայտնել է, որ Ռուսաստանը իր ազդեցությունն ամրապնդելու համար սեփական բանակ է ստեղծում Աֆրիկայում:
Գործակալության տվյալներով՝ նոր ստորաբաժանումը, որն արդեն համալրվում է, նախատեսվում է փոխարինել Աֆրիկայում «Վագներ»-ի վարձկան ջոկատներին՝ նման կերպ վերահսկողության տակ վերցնելով մինչեւ վերջերս Եվգենի Պրիգոժինին պատկանող բիզնես կայսրությունը։
Պաշտպանության նախարարության միջոցով վերահսկվող ռազմակայանների ցանց ստեղծելով՝ Ռուսաստանը մտադիր է վերականգնել սառը պատերազմի ժամանակների իր երբեմնի ազդեցությունը Սեւ մայրցամաքում եւ վերահսկել արժեքավոր օգտակար հանածոների արդյունահանումը Ռուսաստանին բարեկամ երկրներում, մասնավորապես, Բուրկինա Ֆասոյում, Լիբիայում, Մալիում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում եւ Նիգերում:
Արդեն այս տարի «Աֆրիկայի կորպուսը» պետք է համալրվի մոտ 20 հազար նորակոչիկներով եւ նախկին վագներականներով, ինչը, ըստ Bloomberg-ի աղբյուրների, շատ դժվար կլինի անել ներկա իրավիճակում։ Ռուսաստանն արդեն փորձում է հավաքագրել առնվազն ավելի քան 250 հազար զինվորականի՝ այս տարի Ուկրաինայում պատերազմելու համար: Ավելին՝ նույնիսկ լավագույն տարիներին «Վագներ»-ի աֆրիկյան ստորաբաժանումներում ընդհանուր առմամբ մի քանի հազար մարտիկ էր ծառայում։