Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 30-ին հայտարարել է, որ ուկրաինական բանակն այժմ ունի մոտ 880 հազար զինվորական։
«880 հազար զինվորական է ծառայում ներկա պահին: Ունենք միլիոնանոց բանակ: Միեւնույն ժամանակ, ընդ որում, մեր երկրում ներկայում աշխատում է 30 միլիոն մարդ եւ գուցե ավելի շատ։ Չեմ կարող ճշգրիտ թիվ ասել»,- նշել է ուկրաինական պետության ղեկավարը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ըստ Զելենսկու՝ դեռ հստակ հայտնի չէ, թե Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո քանի ուկրաինացի է լքել երկիրը։ Սակայն, ըստ նրա, երկիրը լքել է մոտավորապես 6,5-7,5 միլիոն մարդ։
«Այդ պատճառով խոսում ենք Ուկրաինայում ապրող մարդկանց մասին։ Նրանք բոլորն իրենց աշխատավայրերում բացարձակապես պաշտպանում են Եվրոպան եւ աշխարհը։»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։