Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը Ադրբեջանին մեղադրել է Ֆրանսիային պատկանող խաղաղօվկիանոսյան Նոր Կալեդոնիա կղզիներում իրականցվող ներքին քաղաքականությանը «միջամտելու» մեջ, որտեղ վերջին օրերին անկարգություններ եւ բախումներ են տեղի ունեցել կղզեխմբի անկախության կողմնակիցների եւ ուժայինների միջեւ։
«Սա ֆանտազիա չէ… Ես ափսոսում եմ, որ անջատողականներից ոմանք գործարքի են գնացել Ադրբեջանի հետ։ Սակայն այսօր, չնայած ներքին գործերին միջամտելու փորձերի առկայությանը, ոչ մի երկիր Նոր Կալեդոնիայում բռնություն տարածելու կարողություն չունի։ Ֆրանսիան ինքնիշխան է իր տարածքում»,- նախարարի խոսքերը մեջբերում է AFP գործակալությունը, որը նա ասել էր France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Նշենք, որ Նոր Կալեդոնիայում արդեն չորս մարդու, այդ թվում եւ մեկ ոստիկանի կյանք խլած անկարգությունները սկսվել էին շաբաթվա սկզբին, որի պատճառը Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած որոշումն էր։
Որոշման համաձայն Նոր Կալեդոնիայում ընտրական իրավունքը պետք է ընդարձակվեր եւ ներառեր կղզում 1998 թվականից հետո բնակություն հաստատածներին, որոնց մեծ մասը արդեն էթնիկ ֆրանսիացիներ են։