Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը եւս հիգ ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հայցով դատարանին դիմել էր Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը եւ նախաքննության դատավարական ղեկավարումը իրականացնող դատախազը։
Հիշեցնենք, որ Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման», «պետական սահմանն անօրինական հատելու» եւ «անօրինական զինված կազմավորումների ստեղծմանը մասնակցելու» հոդվածներով։
Նախօրեին էլ հայտնի էր դարձել, որ Բաքվի Բինագադիի շրջանային դատարանը, բավարարելով գլխավոր դատախազության միջնորդությունը եւս հինգ ամսով երկարաձգել էր Արցախի նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊՆ նախկին նախարար Լեւոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետները։
Ավելի վաղ էլ նույն դատարանի որոշմամբ հինգ ամսով երկարաձգվել է նաեւ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը։