Սառը պատերազմի ավարտից հետո ձեւվորվեց միաբեւեռ-պլյուրալիստական աշխարհակարգ, այսինքն՝ աշխարհակարգ ԱՄՆ-ի գլխավորությամբ, սակայն այլ ծանրակշիռ խաղացողներով:
Առաջին տարիներին Ռուսաստանում ընթանում էր լայնածավալ լիբերալիզացիա, անցում ազատ շուկայական հարաբերությունների, ռեֆորմներ, որոնք շատ հակասական էր ընդունում ռուս հասարակությունը:
Դա կարելի է ասել շատ ծանր տնտեսական շրջան էր նրանց համար։ Դրան գումարվել էր նաեւ պարտությունը Չեչնիայում: Թեեւ որոշակի էական հաջողություններ արտաքին քաղաքականության ասպարեզում Ռուսաստանը կարողացավ գրանցել, ուժ ցուցադրել, բայց ընդհանուր պատկերը մնաց մռայլ:
Ռուսաստանի այդ ժամանակվա էլիտան ցանկանում էր ուս-ուսի Միացյալ Նահանգների հետ ստանձնել աշխարհի առաջնորդությունը, սակայն վերջինս ՌԴ-ին տեսնում էր միայն կրտսեր գործընկերոջ կարգավիճակում, ինչը շուտով նրանք եւս հասկացան:
Բժեզինսկին մի առիթով ասել էր, թե Ռուսաստանը շատ թույլ է, որ լինի ԱՄՆ-ի գործընկերը, բայց այնքան էլ թույլ չէ, որ լինի վերջինիս հաճախորդը: Միացյալ Նահանգների բազում կարկառուն ներկայացուցիչներ հասկանում են, որ անհնար է հաշվի չնստել Ռուսաստանի հետ եւ նրան ամեն տեղից դուրս մղելը պարզապես անհնար է:
Վլադիմիր Պուտինի դարաշրջանը կարելի է ասել վերականգնեց Սառը պատերազմի մթնոլորտը։ 90-ականների սկզբին գցված սերմերը բուսնեցին եւ դրանց պտուղները աշխարհը քաղում է մինչ օրս:
Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանն իր ներուժով զիջում է թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Չինաստանին։ Ինչպես ասել է ամերիկյան ռեալիստական դպրոցի ականավոր ներկայացուցիչ Ջոն Միրշայմերը, հզորագույն երեք տերություններից Ռուսաստանն ամենաթույլն է:
Միրշայմերի պես մտածող մարդիկ կարծում են, որ ԱՄՆ-ն մեղավոր է ուկրաինական հակամարտության նման ընթացքի համար եւ Ռուսաստանի հետ պատերազմելու փոխարեն պետք է կենտրոնանան Խաղաղ օվկիանոսի ու Մերձավոր Արեւելքի վրա:
Այն հակամարտությունները, որոնք այսօր ծավալում են ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն, խանգարում են Չինաստանի կոմունիկացիոն ծրագրերին, սակայն նման միջազգային դրության պայմաններում նա սկսել է ցույց տալ դիվանագիտական եւ տնտեսական իր ներուժը:
Կարելի է ասել այդ գիծը առաջ է տանում նաեւ Դոնալդ Թրամփը, որը խոստանում է արագ ավարտել պատերազմն Ուկրաինայում (թեեւ չեն բացառում ֆինանսական օգնությունը խոշոր վարկերի տեսքով)։ Ռուսաստանի հարցում նա ավելի չափավոր է քան իր նախորդն (Բարակ Օբաման) եւ հաջորդը (Ջո Բայդենը):
Դժվար է ասել, թե ընտրություններից հետո ինչպես կձեւվորվի աշխարհաքաղաքական ճարտարապետությունը, ինչպես կդիրքավորվեն ԱՄՆ էլիտաները, սակայն երկու բան ակնհայտ է՝ աշխարհն այլեւս առաջվանը չի լինելու, արմատական փոփոխություններն անխուսափելի են:
21-րդ դարում ԱՄՆ նախագահական ընտրությունները այսքան կարեւոր երբեւէ չեն եղել, չեն ունեցել հարցերի այսպիսի լայն շերտավորում:
Այսօր Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ ռեալիստական դպրոցից շատերը ձեռնոց են նետել արտաքին քաղաքականության ներկա հայեցակարգերին:
Այն արտաքին քաղաքականությունը, որը հենված էր ժողովրդավարացման համար արտաքին ներխուժումների վրա, տապալված է եւ ստեղծել է անելանելի վիճակ:
Կա անկառավարելի, թույլ, բայց միաժամանակ ավելի վտանգավոր Ռուսաստան, Մերձավոր Արեւելքը աղետալի վիճակում է, Իրանն ու Չինաստանն ավելի մեծ թափ են հավաքում, վերջինս արդեն ներգրավվում է եվրոպական ու մերձավորարեւելյան գործընթացների մեջ, Եվրոպան էլ՝ չնայած իր ինքնավարական ձգտումներին, օր օրի էլ ավելի է նմանվում երեք հզորագույն տերությունների կռփամարտի ասպարեզի:
Թրամփը հակահամակարգային, հակաէլիտիստական գործչի համբավ ունի, որը հայտ է ներկայացրել՝ ցանկանալով գնալ արմատական փոփոխությունների: Հարցը միայն արտաքին քաղաքականությունը չէ, այլ գլոբալիզացիայի ներկա գործընթացների վիճելիությունը՝ այդ թվում երկրի ներսում:
Վառ օրինակ են ապօրինի միգրանտների, արհեստական բանականության ու ռոբոտիզացիայի ծավալների, ավանդական ընտանիքի հարցերում նրա սուր եւ պահպանողական վերաբերմունքը:
Թրամփը ժողովրդավարության ժամանակակից պատկերացումներից դուրս գործիչ է, իսկ նրա հայեցակարգերը կարելի է փաթեթավորել այսպես՝ ԱՄՆ-ն զերծ է մնալու «համամարդկային» նշանակություն ունեցող հակամարտություններից, որոնք բավականին ծախսատար են, քաոսային եւ փորձելու են կասեցնել դրանք:
Այսպիսով դա շատ նման է իզոլյացիոնիզմի: Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն չի լինելու համաշխարհային տեսուչ, որը պարտավոր է խնամել բոլորին, դա կարելի է ասել կլինի «Ամերիկա գլխավորապես եւ հիմնականում ամերիկացիների համար»:
Ընտրապայքարը բավականին սուր է, դեռեւս Թրամփի առաջին ընտրություններից սկսած մթնոլորտը ունի սեւի ու սպիտակի երանգներ:
Հայաստանին ու հայկական լոբբիստական խմբերին մնում է միայն համագործակցել երկու ճամբարների հետ, որպեսզի կարողանան քաղել հնարավորը:
ԱՄՆ համակարգը շատ ճկուն ու պրագմատիկ է եւ մոտեցումները կարող են փոխվել ժամերի ընթացքում, Հայաստանը պետք է համակերպվի ԱՄՆ վարչակազմերից յուրաքանչյուրին եւ դադարի մտածել, թե աշխարհն իր շուրջն է պտտվում:
Արմեն Մկրտչյան