«Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) անորոշ ժամանակով դադարեցնում է թռիչքները Բաքվից դեպի Աստրախան եւ հակառակ ուղղությամբ՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այդ մասին հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ AZAL-ի նման որոշումը պայմանավորված է վերջին շրջանում Աստրախանի օդային տարածքը Ռուսաստանի իշխանությունների կողմից պարբերաբար փակելու որոշման հետ։
Աստրախանի, Կազանի, Նիժնեկամսկի, Սարատովի եւ Ուլյանովսկի օդանավակայանները փետրվարի 3-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով ժամանակավորապես սահմանափակումներ են մտցրել թռիչքների համար։ Աստրախանի շրջանում, ըստ տեղական իշխանությունների հայտարարության, անօդաչու սարքերը փորձել են գրոհել վառելիքաէներգետիկ պահեստների համալիրները։
«Ադրբեջանական ավիաուղիները» Բաքու-Աստրախան-Բաքու երթուղու տոմսեր ձեռք բերած ուղեւորներին խոստացել է ամբողջությամբ վերադարձնել կամ փոխանակել ծախսերը: «AZAL-ը շարունակում է ուշադիր հետեւել իրավիճակին եւ ուղեւորներին անհապաղ տեղեկացնել չվացուցակի ցանկացած փոփոխության մասին»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է 38 մարդ։
Euronews-ն ու Reuters-ը, հղում կատարելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին, գրում են, որ կործանման պատճառ է դարձել ռուսական հրթիռը: Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրթիռը արձակվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վրա Չեչնիայի մայրաքաղաքի երկնքում «անօդաչու թռչող սարքերի ակտիվության» ժամանակ։
Երեք օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ներողություն էր խնդրել «ռուսական օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար»։
Դեկտեմբերի 30-ին Ալիեւն էլ հայտարարեց, թե Ռուսաստանը «պետք է ընդունի իր մեղքը» ինքնաթիռի կործանման համար, իսկ մեղավորները պետք է պատժվեն եւ քրեական պատասխանատվության ենթարկվեն։