ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ընթանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) լուծարման գործընթացը։
«Մենք ԱՄՆ ՄԶԳ-ի լուծարման գործընթացի մեջ ենք»,- ասել է նա իրեն պատկանող X սոցիալական ցանցով հրապարակված հեռարձակման ժամանակ։
Մասկի խոսքերով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն չի կարող վերականգնվել։ «Դա որդնած խնձոր չէ, դա ուղղակի որդերի մի կույտ է […]։ Խնձոր չկա, ուստի պետք է ազատվել ամեն ինչից»,- հավելել է նա։
Ավելի վաղ Մասկը ԱՄՆ ՄԶԳ-ին մեղադրել էր կենսաբանական զենքի մշակման ֆինանսավորման համար:
Associated Press-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության անվտանգության ղեկավարները Մասկի ղեկավարած դեպարտամենտի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ուղարկվել են վարչական արձակուրդի։ Պատճառն այն է, որ նրանք հրաժարվել են դեպարտամենտին գաղտնի տեղեկություն տրամադրելուց:
Հունվարի վերջին NBC News-ը հայտնել էր, որ USAID-ի ավելի քան 50 աշխատակիցներ են ուղարկվել վարչական արձակուրդի` ամբողջական աշխատավարձի եւ արտոնությունների պահպանմամբ, մինչեւ հետագա ծանուցումը:
Փետրվարի 1-ին Politico-ն և Reuters-ը հայտնել էին, որ Թրամփի թիմը դիտարկում է գործակալությանը անկախությունից զրկելու և այն ԱՄՆ Պետդեպարտամենտի վերահսկողության տակ դնելու հարցը։
ԱՄՆ ՄԶԳ-ն ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդասիրական ծրագրերի է աջակցում։ Ընդգծենք, որ նախորդ տարվա ապրիլին կառույցի ղեկավար Սամանտա Փաուերի Հայաստան կատարած այցից հետո հայտարարվել էր 33 մլն ԱՄՆ դոլար օգնության տրամադրման մասին՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։ Նույն նպատակների շրջանակում հուլիսին ՄԶԳ-ի տնօրենը հայտարարել էր 11,9 միլիոն ԱՄՆ դոլարի տրամադրման ամսին։
2024-ի սեպտեմբերի 11-ին էլ հայտարարվել էր ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող ֆինանասական օգնության շեմը 120 միլիոն դոլարից 250 միլիոն դոլար հասցնելու մասին։
Ավելի ուշ՝ սեպտեմբերի 26-ին, Փաուերը հայտարարել էր եւս 20 մլն 600 հազար դոլար աջակցության տրամադրման մասին, որը հատկացվելու էր ի լրումն հուլիսին հայտարարված 11,9 մլն դոլարի։ Այս անգամ օգնությունը պետք է ուղղվեր «կիբեր, սահմանային եւ էներգետիկ անվտանգության խթանմանը, ինչպես նաեւ դիմադրողականության բարձրացմանը»։