ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի նախատեսում է հանդիպում անցկացնել իր վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք պատասխանատու են պաշտպանության եւ անվտանգության քաղաքականության համար։ Հանդիպման թեման կլինի Ուկրաինայի հարցում ԱՄՆ քաղաքականության վերանայումը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով վարչակազմի անանուն ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ հանդիպմանը կմասնակցեն, մասնավորապես, Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն եւ պաշտպանության նախարար Փեթ Հեգսեթը։ Կքննարկվեն տարբեր սցենարներ, այդ թվում նաեւ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության կասեցումը կամ դրա ամբողջական դադարեցումը։ Այդ օգնության մեջ ներառված են դեռ նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից հաստատված զինամթերքի եւ տեխնիկայի մատակարարումները։ Սպիտակ տունը նման հանդիպման մասին հայտարարություն չի տարածել։
Փետրվարի 28-ին Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունները Սպիտակ տանը ավարտվեցին հրապարակային բանավեճով, ինչի հետեւանքով ուկրաինական պատվիրակությունը լքեց հանդիպումը նախքան դրա ավարտը։
Դրա պատճառով չստորագրվեց նաեւ օգտակար հանածոների արդյունահանման եւ ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիրը։
Այս իրադարձություններից հետո թե՛ Թրամփը, թե՛ նրա վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները կասկած հայտնեցին Ուկրաինայի նախագահի խաղաղության ձգտումների վերաբերյալ։
Նրանք նաեւ հայտարարեցին, որ Զելենսկին անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ նախագահի նկատմամբ՝ բանավեճի մեջ մտնելով նրա հետ։
Այսօր՝ մարտի 3-ին, Թրամփը Truth Social-ի իր էջում գրել է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի քիչ անհանգստանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններով եւ կենտրոնանա այլ խնդիրների վրա.
«Մենք պետք է ավելի քիչ անհանգստանանք Պուտինի համար եւ ավելի շատ մտահոգվենք մեր երկիր ներթափանցող բռնարար միգրանտ բանդաների, թմրաբարոնների, մարդասպանների եւ հոգեբուժարաններից եկող մարդկանց մասին, որպեսզի չնմանվենք Եվրոպային»,- գրել է Թրամփը։
Թրամփի հայտարարությունն արվել է Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հաճախակիացած շփումների ֆոնին։
Վերջին շրջանում Ռուսաստանի պաշտոնատար անձինք զերծ են մնում ԱՄՆ վարչակազմի հասցեին քննադատությունից։