Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ մարտի 3-ին, ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է 2026-ին COP17 համաժողովը հյուրընկալելը՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք քայլեր այն հաջողությամբ անցկացնելու համար:
Միրզոյանը ներկայացրել է իրականացվող եւ ընթացիկ աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանց համակարգումն իրականացվում է ՀՀ Կառավարության մակարդակով՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր շրջանակներին: Նախարարն ընդգծել է համաժողովի արդյունավետ եւ ներառական կազմակերպումը եւ այդ գործում միջազգային գործընկերների, այդ թվում նաեւ՝ Կոնվենցիայի քարտուղարության հետ սերտ փոխգործակցության կարեւորությունը:
«Մեզ համար շատ կարեւոր է տեսնել առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանի՝ որպես կենսաբազմազանության առաջամարտիկի առաջխաղացումը համաշխարհային ասպարեզում: Այսօրվանից մենք մեկ թիմ ենք, պետք է ձեռք ձեռքի տված աշխատենք, որպեսզի COP17-ն իրապես հաջողություն ունենա: Մենք շատ լավատեսորեն ենք տրամադրված, որ այն կլինի հաջողված համաժողով, ինչպես նաեւ աշխարհի տարբեր ծայրերից ժամանող մարդկանց համար հրաշալի հնարավորություն՝ բացահայտելու Հայաստանը եւ ծանոթանալու ձեր մշակույթին»,- հանդիպմանը ասել է Շումեյքերը:
Կողմերն ընդգծել են COP17-ի առանձնահատուկ կարեւորությունը՝ հաշվի առնելով, որ այն կլինի Կոնվենցիայի ներքո մշակված Կյունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի առաջին գլոբալ վերանայումը:
Զրուցակիցները քննարկել են COP17-ի օրակարգի, այդ թվում՝ բովանդակային առաջնահերթությունների ձեւավորման, ներառականության ապահովման, ինչպես նաեւ հանրային իրազեկվածության բարձրացման հարցեր:
Հիշեցնենք՝ նախորդ տարվա նոյեմբերի սկզբին Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացված COP16-ի շրջանակում կատարված քվեարկության արդյունքում որոշվել էր COP17-ը անցկացնել Հայաստանում։ Ընդ որում՝ քվեարկության համար ներկայացված մյուս երկիրը Ադրբեջանն էր։