33 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մարտի 3-ին, ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Դա այնպիսի մի ժամանակաշրջան էր, երբ անհրաժեշտ էր շուկայական հարաբերությունների հաստատման բարդություններին զուգահեռ հաղթահարել բազում հիմնախնդիրներ, որոնք պետության առջեւ ծառացել էին 1988-ի ավերիչ երկրաշարժի, երկրի շրջափակման եւ Արցախյան պատերազմի հետեւանքով:
Կանոնադրության համաձայն՝ Հիմնադրամի ռազմավարական ծրագրերը որոշվում են նրա բարձրագույն մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի կողմից: Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը ի պաշտոնե Հայաստանի նախագահն է: Խորհրդի կազմում են կառավարության, եկեղեցական, կուսակցական, հասարակական եւ բարեգործական կառույցների ներկայացուցիչներ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 18 երկրներում գործող 19 տեղական մարմինների եւ գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության եւ աջակցության շնորհիվ։
Դրամական միջոցները գոյանում են տարեկան հեռուստամարաթոնի, տարբեր երկրներում կազմակերպվող հեռախոսամարաթոնների, ռադիոմարաթոնների, հեծանվարշավների, ճաշկերույթների հանգանակություններից, բարեգործական համերգների եւ ցուցահանդեսների հասույթներից, փոստային եւ SMS նվիրատվություններից, ինչպես նաեւ անհատների թողած կտակներից եւ նպատակային հատկացումներից:
Հիմնադրամի առաջին խոշորածավալ ձեռնարկը «Ձմեռ» մարդասիրական ծրագիրն էր, որի շրջանակում հանգանակված միջոցները 1992-1995 թվականներին ուղղվեցին ժողովրդի համար օրախնդիր դարձած սոցիալական հիմնահարցերի լուծմանը: Աղետի գոտում Հիմնադրամը ձեռնամուխ եղավ բնակարանաշինությանը` 88-ի երկրաշարժից անօթեւան մնացածներին կացարաններով ապահովելով Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում:
Հաջորդող տարիներին Հիմնադրամն իրագործել է այնպիսի կարեւոր ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների, ջրազտման եւ ջրամատակարարման համակարգերի, բնական գազատարների կառուցումը («Գորիս- Ստեփանակերտ», Արցախում՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղիները եւ այլն)։ Հիմնադրամի ջանքերով են կառուցվել եւ վերակառուցվել նաեւ մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, մարզական եւ մշակութային կենտրոններ։
Մինչ այժմ Հիմնադրամը կյանքի է կոչել շուրջ 1500 մեծ նախագծեր, ունեցել 500 մլն դոլարի ներդրում եւ ավելի քան 800 հազար շահառու։