Արաբական երկրները տարակարծություններ ունեն Գազայի հատվածը կառավարման մեջ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետագա դերակատարումը պահպանելու շուրջ։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ Գազայում հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական միջնորդներից մեկը հանդիսացող Եգիպտոսը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի ամբողջական բացառումը տեղի քաղաքական կյանքից անհնար է։ Եգիպտական կողմի կարծիքով՝ շարժումը պետք է զինաթափել եւ փորձել նվազեցնել դրա ազդեցությունը, սակայն ՀԱՄԱՍ-ը պետք է պահպանի քաղաքական գործունեությունը շարունակելու հնարավորությունը։ Այս մոտեցմանը ընդհանուր առմամբ պատրաստ են աջակցելու Կատարը եւ Սաուդյան Արաբիան։
Սակայն Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) կտրականապես դեմ է, որ ՀԱՄԱՍ-ը որեւէ կերպ պահպանի իր ներկայությունը Գազայում։ WSJ-ի տվյալներով՝ առանց ԱՄԷ-ի ֆինանսական մասնակցության Գազայի վերականգնումը դժվար կլինի։ ԱՄԷ-ն կողմ է, որ Գազայի քաղաքական վերահսկողությունը անցնի Պաղեստինի ազգային վարչակազմին, որը վերահսկում է Հորդանան գետի արեւմտյան ափը։ Սակայն այս մոտեցումը հանդիպում է Կատարի դիմադրությանը։ Աղբյուրների համաձայն՝ հենց Կատարի ճնշման ներքո է, որ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը չի հրավիրվել մարտի 4-ին կայանալիք արաբական պետությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը նվիրված է լինելու Գազայի ապագային։
ՀԱՄԱՍ-ի իշխանության պահպանմանը կտրականապես դեմ են նաեւ Իսրայելն ու ԱՄՆ-ը։ WSJ-ն նշում է, որ ընդհանուր առմամբ բոլոր նշված արաբական երկրները համակարծիք են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները կարող են խաթարել խաղաղ կարգավորման եւ Գազայի վերականգնման ջանքերը։ Բացի այդ՝ բոլոր կողմերը միաձայն դեմ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պլանին, որը նախատեսում է Գազայի բնակիչների վերաբնակեցում այլ արաբական երկրների տարածքում։