Սիրիայում նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի առնվազն 13 աշխատակից է զոհվել ընդդիմադիր զինված խմբերի եւ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած մարտերի հետեւանքով։ Այդ մասին գրում է Reuters-ը։
Բախումները տեղի են ունեցել Սիրիայի արեւմուտքում գտնվող Ջաբլա քաղաքում, որը հիմնականում բնակեցված է ալավիներով։ Ընդ որում՝ այս կրոնական փոքրամասնության համայնքին է պատկանում Ասադների ընտանիքը։
Սիրիայի անվտանգության ուժերը նախօրեին՝ մարտի 6-ին, հայտարարել էին , որ երկրի արեւմտյան հատվածում մարտական գործողություն են իրականացնում Ասադի հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատար Սուհեյլ ալ-Հասանի հետ կապ ունեցող զինված խմբավորումների դեմ, փոխանցում է Sky News Arabia-ն։
Լաթաքիայի նահանգի հասարակական անվտանգության վարչության տնօրեն Մուստաֆա Քնեֆաթին հայտարարել է, որ «Ասադի զինված խմբերի մնացորդները նախապես պլանավորված եւ դիտավորյալ» հարձակումներ են իրականացրել անվտանգության ուժերի հսկիչ-անցակետերի եւ պարեկային խմբերի վրա Ջաբլայի շրջանում։ Ըստ սիրիական պետական SANA գործակալության՝ այս բախումների հետեւանքով «զոհվել եւ վիրավորվել են մեծ թվով զինվորականներ եւ վիրավորներ»։
Reuters-ը նշում է, որ այս իրադարձությունները «2024 թվականի դեկտեմբերին սիրիական նոր կառավարության իշխանության գալուց հետո ամենադաժան բռնություններից են»։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերին սիրիական ընդդիմադիր խմբավորումները՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորությամբ, գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը եւ հայտարարեցին նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա վարչակարգի տապալման մասին։
Ասադների ընտանիքը ապաստան գտավ Մոսկվայում։ Երկրում կազմավորվեց նոր անցումային կառավարություն, իսկ ժամանակավոր նախագահ հռչակվեց «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմադ ալ-Շարաան։