Եվրամիության անդամ երկրների առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում աջակցել են պաշտպանության ծախսերի ավելացման նախաձեռնություններին։ Այդ մասին հայտնում է Financial Times-ը։
Հաստատված նախաձեռնությունների թվում է նաեւ 150 միլիարդ եվրոյի չափով վարկերի տրամադրումը Եվրամիության երկրներին՝ պաշտպանության ոլորտում ներդրումներ կատարելու համար։
Ինչպես նշում է FT-ն, ԵՄ 27 երկրների առաջնորդները կոչ են արել Եվրահանձնաժողովին ներկայացնել մանրամասն առաջարկներ, որոնք հետագայում պետք է ստանան ԵՄ անդամ պետությունների կառավարությունների հաստատումը։
France24-ի հաղորդմամբ՝ ԵՄ երկրները «կանաչ լույս են վառել» դաշինքի պաշտպանության ամրապնդման ծրագրերին։
Մարտի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է ReArm Europe պաշտպանության ծրագիրը, որով ԵՄ-ն պատրաստ է ստանձնելու իր անվտանգության պատասխանատվությունը եւ մեծացնելու օգնությունը Ուկրաինային։
Ֆոն դեր Լայենի ծրագիրը ներառում է հինգ ուղղություն, որոնցից մեկը ԵՄ երկրների պաշտպանական ոլորտի համար նախատեսված 150 միլիարդ եվրոյի նոր ֆոնդն է, որում ներդրումները պետք է կատարվեն հրթիռային եւ հակաօդային պաշտպանության համակարգերի, հրետանու, արկերի, զինամթերքի, ԱԹՍ-ների եւ դրանց դեմ պայքարի միջոցների ձեռքբերման համար։
Եվրահանձնաժողովի ղեկավարի գնահատմամբ՝ ReArm Europe-ը կարող է ընդհանուր առմամբ ԵՄ պաշտպանության ծախսերը հասցնել 800 միլիարդ եվրոյի։