Արդեն երեք շաբաթ հիավանդանոցում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացումից հետո առաջին անգամ աուդիոուղերձով դիմել է հավատացյալներին։
Ուղերձում Պապը շնորհակալություն է հայտնում իրեն աջակցելու եւ աղոթքներ բարձրացնելու համար։
«Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում ձեզ Սուրբ Պետրոսի հրապարակից իմ առողջության համար բարձրացրած աղոթքների համար։ Ես այստեղից ուղեկցում եմ ձեզ։ Թող Տերը օրհնի ձեզ, եւ թող Կույս Մարիամը պաշտպանի ձեզ։ Շնորհակալություն ձեզ»,- Ֆրանցիսկոսի խոսքերը մեջբերում է Vatican News-ը։
Այս ուղերձը հեռարձակվել է հինգշաբթի՝ մարտի 6-ի երեկոյան, Սուրբ Պետրոսի հրապարակում՝ Պապի առողջության համար կազմակերպված աղոթքից առաջ։
Հռոմի պապը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին բրոնխիտի պատճառով, սակայն ավելի ուշ նրա վիճակը վատթարացել էր. նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։
Մարտի 1-ին հաղորդվեց, որ բրոնխոսպազմի նոպայից հետո անհրաժեշտություն էր առաջացել Ֆրանցիսկոս պապի համար արհեստական շնչառության սարք միացնել։ Արդեն հաջորդ օրը Վատիկանը հայտնեց, որ նրա վիճաակը բարելավվել է։ Սակայն մարտի 3-ին հաղորդվեց, որ Ֆրանցիսկոսը ունեցել է երկու սուր շնչառական անբավարարության դրվագ, եւ կրկին արհեստական շնչառության սարք միացնելու անհրաժեշտություն էր առաջացել։
Փետրվարի վերջում՝ Հռոմի Պապի հոսպիտալացումից մեկ շաբաթ անց, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին ասել էր, որ 88-ամյա Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել պապական աթոռից, «եթե պապական պարտականությունները կատարելու դժվարություններ ունենա»։