ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 6-ին նախարարների կաբինետի նիստ է հրավիրել՝ Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը քննարկելու համար, որը ղեկավարում է Իլոն Մասկը։ Հանդիպման ընթացքում Թրամփը հայտարարել է, որ Մասկը կարող է միայն առաջարկություններ ներկայացնել կադրային հարցերի վերաբերյալ, սակայն վերջնական որոշումներն ընդունում են արդեն համապատասխան գերատեսչությունների ղեկավարները։ Այդ մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի երկու պաշտոնյաների։
Այս հանդիպմանը ներկա է եղել նաեւ Իլոն Մասկը, որը, Politico-ի տվյալներով, հասկացրել է, որ համաձայն է նախագահի հետ։ Թերթը նշում է, որ Թրամփը առաջին անգամ է ձեռնարկել նշանակալի քայլ՝ սահմանափակելու DOGE-ի ղեկավարի լիազորությունները։ ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ ցանկանում է կառավարությունում պահպանել այն աշխատակիցներին, որոնք լավ են կատարում իրենց աշխատանքը։
Politico-ն հիշեցնում է, որ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ում տասնյակ հազարավոր դաշնային ծառայողներ են հեռացվել աշխատանքից։
Հանդիպումից հետո Truth Social սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահը գրել է, որ նման ժողովներ կանցկացվեն յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ։ «Մենք ասում ենք՝ «վիրաբուժական դանակ», ոչ թե «կացին»,- գրել է Թրամփը՝ նկարագրելով DOGE-ի աշխատանքի մեթոդները։ Իլոն Մասկն էլ տեղի ունեցած հանդիպումը որակել է որպես «շատ արդյունավետ»։
Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը ակտիվորեն աջակցել էր Դոնալդ Թրամփին նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ դառնալով նրա շտաբի խոշորագույն հովանավորներից մեկը։ Թրամփի հաղթանակից հետո հայտարարվեց Մասկի՝ նորաստեղծ պետական արդյունավետության դեպարտամենտի ղեկավար նշանակվելու մասին։
Մասկը եւ Թրամփը խոստացել էին, որ DOGE-ն «կոչնչացնի բյուրոկրատիան» եւ «կցնցի համակարգը»։ Այս ոչ պետական դեպարտամենտը պետք է բարձրացնի ԱՄՆ կառավարության արդյունավետությունը (այդ թվում՝ ազատելով «անարդյունավետ» պաշտոնյաներին) եւ լուծարվի մեկուկես տարվա ընթացքում։