ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «զանգվածային» պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե վերջինս չցանկանա դադարեցնել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները եւ չսկսի բանակցել Կիեւի հետ։
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը հենց հիմա Ուկրաինային ջախջախում է մարտի դաշտում, ես լրջորեն մտածում եմ զանգվածային բանկային պատժամիջոցների, ինչպես նաեւ Ռուսաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին, քանի դեռ հրադադար եւ վերջնական խաղաղության համաձայնագիր ձեռք չի բերվել»,- հայտարարել է Թրամփը։
Նա Մոսկվային եւ Կիեւին կոչ է արել անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ, «քանի դեռ ուշ չէ»։
Թրամփի հայտարարություններից անմիջապես հետո Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է գրեթե 1,5%-ով։
Axios պորտալի Սպիտակ տան աղբյուրի տվյալներով՝ վերջին օրերին «Թրամփի զայրույթը աճում է» Ռուսաստանի վարքագծի եւ Ուկրաինային հասցրած հարվածների պատճառով, հատկապես այն ժամանակահատվածում, երբ նա հայտարարում է կրակի դադարեցման անհրաժեշտության մասին։
Նախօեին Մոսկվային պատժամիջոցներով սպառնացել էր նաեւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթը։ Նա հայտարարել էր, որ սահմանափակումները «կկիրառվեն բացահայտ եւ ագրեսիվ կերպով՝ անհապաղ ու առավելագույն ազդեցություն ունենալու համար»:
Թրամփի թիմը նախկինում բազմիցս է հայտարարել, որ Մոսկվային կստիպի խաղաղության համաձայնագիր ստորագրել հնարավոր նոր պատժամիջոցների միջոցով։ Միեւնույն ժամանակ, մարտի 5-ին Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանից «հզոր ազդակներ է ստացել խաղաղություն հաստատելու պատրաստակամության վերաբերյալ»։