Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ հրաժեշտ տալու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին։ Սգո պատարագը առաջնորդել է Կարդինալների կոլեգիայի դեկանը՝ կարդինալ Ջովաննի Բատտիստա Ռեն։ Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալությունը, պատարագը կտեւի 90 րոպե։
Ֆրանցիսկոս պապը կդառնա առաջին պապը, ով մեկ դար անց կհուղարկավորվի Վատիկանից դուրս։ Նա իր կտակում նշել էր, որ ցանկանում է հանգչել Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում։
Հուղարկավորության արարողությանը ներկա են ավելի քան 50 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի, Միացյալ Նահանգների, Արգենտինայի, Ֆրանսիայի, Գաբոնի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆիլիպինների, Լեհաստանի եւ Ուկրաինայի նախագահները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Նոր Զելանդիայի վարչապետները։
Սուրբ Աթոռի պաշտոնական հայտարարության համաձայն, Ֆրանցիսկոս Պապը մահացել է ապրիլի 21-ին՝ ինսուլտի եւ սրտի կանգի հետեւանքով։ Փետրվարին նա տարել էր երկկողմանի թոքաբորբի ծանր ձեւ եւ հինգ շաբաթ անցկացրել էր հիվանդանոցում։ Չնայած ծանր հիվանդությանը՝ նա մոտ մեկ ամիս առաջ վերադարձել էր Վատիկան եւ մասնակցել էր Զատկի Պատարագին։ Սակայն երկուշաբթի լույս գիշերը նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր։
Ֆրանցիսկոս Պապը պատմության մեջ է մտել որպես առաջին Լատինական Ամերիկայից ընտրված պոնտիֆիկոս։ Իր իշխանության տարիներին նա իրականացրել է մի շարք կառուցվածքային բարեփոխումներ, ձգտել է բարձրացնել Վատիկանի աշխատանքի թափանցիկությունը եւ հատուկ ուշադրություն է դարձրել սոցիալական արդարության խնդիրներին։ Նրա պոնտիֆիկատը նույնպես նշանավորվել է խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հարցերի նկատմամբ ուժեղացված ուշադրությամբ եւ եկեղեցու դիրքորոշումների արդիականացման ձգտումով՝ կապված որոշ էթիկական եւ սոցիալական թեմաների հետ։