Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզի «լիակատար ազատագրման» մասին, որի սահմանամերձ որոշ շրջաններ նախորդ տարվա օգոստոսից անցել էին ուկրաինական զինված ուժերի վերահսկողության ներքո։
Պուտինը արձագանքել է այս զեկույցին՝ հայտարարելով «Կիեւյան ռեժիմի արկածախնդրության ձախողման» եւ Ուկրաինայի զինված ուժերի «ծանր կորուստների» մասին։ Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ այս իրավիճակը «անպայման անդրադարձ կունենա շփման գծի ողջ երկայնքով», հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Գերասիմովը իր զեկույցում նաեւ հիշատակել է Հյուսիսային Կորեայից տեղափոխված զինվորների մասին, որոնք ռուս զինվորականների հետ «ուս ուսի տված» մասնակցել են Կուրսկի մարզում իրականացված գործողություններին։ Սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատում են հյուսիսկորեական զինվորների մասնակցությունը Ուկրաինայի դեմ ընթացող պատերազմին։
Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հերքում է Կուրսկի մարզում մարտական գործողությունների ավարտի մասին տեղեկությունները։ «Ուկրաինայի պաշտպանական ուժերի գործողությունները որոշակի հատվածներում շարունակվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նաեւ հավելել է, որ ուկրաինական զորքերի ակտիվ գործողությունները Բելգորոդի մարզում եւս շարունակվում են։
Ուկրաինայի զինված ուժերի խոշոր ստորաբաժանումների շրջափակման մասին Պուտինի ավելի վաղ հայտնած տեղեկությունները չեն հաստատվել։ Կողմերը չեն հրապարակել նաեւ իրենց կրած կորուստների տվյալները։