ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ/Հյուսիսային Կորեա) հետ բանակցությունների վերականգնման հնարավորությունը եւ այս հարցով խորհրդակցություններ է վարում փորձագետների հետ։ Այդ մասին հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով աղբյուրներն։
Գործակալության զրուցակիցների խոսքերով՝ Սպիտակ տունը փակ քննարկումներ է անցկացնում արտաքին քաղաքականության փորձագետների, ինչպես նաեւ գործող եւ նախկին պաշտոնյաների մասնակցությամբ։ Մասնավորապես, նախորդ շաբաթ Վաշինգտոն էր այցելել Հյուսիսային Կորեայում Շվեդիայի նախկին դեսպանը, որը նաեւ ԱՄՆ-ի շահերն էր ներկայացնում այդ երկրում։ Axios-ի զրուցակիցների փոխանցմամբ՝ նրա այցի նպատակը ամերիկացի պաշտոնյաների եւ փորձագետների հետ խորհրդակցություններ անցկացնելն էր։
Այդ հանդիպումների ընթացքում քննարկված թեմաներից մեկը եղել էր այն հարցը, թե ով է Հյուսիսային Կորեայի կողմից բանակցություններ վարելու, եթե երկխոսություն սկսվի։
Ըստ Axios-ի աղբյուրների՝ Թրամփի առաջին նախագահական ժամկետում ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները կենտրոնացած էին Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքից հրաժարվելու վրա, մինչդեռ այժմ՝ Փհենյանի միջուկային ոլորտում «անհանգստացնող հաջողությունների» ֆոնին, այդ թեմայի քննարկումը քիչ հավանական է:
«Վերջին չորս տարիներին շատ բան է փոխվել։ Մենք կատարում ենք գնահատում, ախտորոշում եւ քննարկում հնարավոր տարբերակները, այդ թվում՝ համագործակցությունը»,— լրագրողների հետ զրույցում հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա։
Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման առաջին շրջանում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպել է երեք անգամ։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Սինգապուրում, երկրորդը՝ Հանոյում, իսկ երրորդը՝ ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ գտնվող ապառազմականացված գոտում։ Ինչպես նշում է Reuters-ը, դիվանագիտական ջանքերը կոնկրետ արդյունքներ չեն տվել, չնայած որ Թրամփը հայտարարել էր, թե ինքը եւ ԿԺԴՀ-ի ղեկավարը «սիրահարվել են միմյանց»։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ, իր կարծիքով, Կիմ Չեն Ընը ցանկանում է, որ ընտրություններում հնեց ինքը հաղթի, եւ «կարոտում է իրեն»։ Այն մասին, որ Թրամփի թիմը քննարկում է Կիմ Չեն Ընի հետ ուղղակի բանակցությունների հնարավորությունը, Reuters-ի աղբյուրները հայտնել էին արդեն 2024 թվականի նոյեմբերին՝ Թրամփի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։ 2025 թվականի մարտին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պահպանում է «կապը» Փհենյանի հետ։