Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է մայիսի 8-ից 11-ը հրադադար հաստատելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանին՝ նրան մեղադրելով միջազգային հանրությանը մշտապես մանիպուլացնելու փորձերի մեջ։
«Մենք ամեն ինչից առավել արժեւորում ենք մարդկային կյանքը, այլ ոչ թե շքերթները։ Հենց դրա համար մենք՝ ինչպես նաեւ ողջ քաղաքակիրթ աշխարհը, վստահ ենք, որ մայիսի 8-ին սպասելու ոչ մի հիմք չկա։ Հրադադարը պետք է սկսվի անհապաղ, այլ ոչ թե ընդամենը մի քանի օրով, որպեսզի հետո նորից սկսվի սպանդը։ Անհրաժեշտ է անհապաղ, լիակատար եւ անվերապահ հրադադար՝ առնվազն 30 օրով, որպեսզի այն լինի ամուր եւ վստահելի։ Միայն այդպես կարելի է հիմք դնել իրական դիվանագիտական ջանքերի համար»։ – հայտարարել է Զելենսկին իր տեսաուղերձում՝ երկուշաբթի երեկոյան։
Նա նաեւ տեղեկացրել է, որ ապրիլի 28-ին Ռուսաստանը հերթական հարվածն է հասցրել մի օբյեկտի, որը որեւէ կերպ կապված չէ պատերազմի հետ․ «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Չերկասիի մարզում գտնվող գազամատակարարման համակարգի հանգույցի վրա։
«Ամեն նոր օր նոր եւ ակնհայտ ապացույց է այն բանի, որ Ռուսաստանի նկատմամբ անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը, որպեսզի Մոսկվայում ստիպված լինեն դադարեցնել այս պատերազմը՝ պատերազմ, որը պետք է միայն Ռուսաստանին։ Մենք Ուկրաինայում ոչ մի վայրկյան չենք ցանկացել այս պատերազմը եւ միշտ հայտարարել ենք մեր պատրաստակամության մասին՝ հնարավորինս արագ համագործակցելու բոլոր այն գործընկերների հետ, որոնք կարող են օգնել խաղաղության հաստատմանը եւ ապահովել անվտանգությունը։ Իսկ Ռուսաստանը շարունակաբար մերժում է նման ջանքերը, մանիպուլյացիաների է դիմում միջազգային հանրության նկատմամբ եւ փորձում է խաբել Միացյալ Նահանգներին»։ – ասել է Զելենսկին։