Վրաստանը հուսով է, որ մոտ ապագայում Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ Այդ մասին այսօր՝ Երեւանում, հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում Հայաստանը եւ Ադրբեջանը կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որը դրական դինամիկա կբերի Հարավային Կովկասի զարգացմանը եւ տարածաշրջանի գրավչությունը կբարձրացնի որակապես նոր մակարդակի»,- նշել է Վրաստանի նախագահը։
Կավելաշվիլին նաեւ իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու եւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունները չճանաչելու քաղաքականությանն աջակցելու համար։
«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը, որը հիմնված է Վրաստանի երկու շրջանների ռուսական օկուպացիայի դադարեցմանը, ինչպես նաեւ օկուպացիոն գծով բաժանված բնակչության հաշտեցման եւ ներգրավման խնդիրների վրա»,- հայտարարել Վրաստանի նախագահը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ բարձր է գնահատել վրացական կողմի՝ Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված միջնորդական ջանքերը՝ նշելով դրանց կարեւորությունը տարածաշրջանային վստահության ձեւավորման եւ կայունության պահպանման գործում։
Զրույցի ընթացքում նախագահները նաեւ անդրադարձ են կատարել Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների՝ միմյանց երկրներ այցելելու ընթացակարգերի դյուրացման հարցերին։
Այս համատեքստում քննարկվել է նաեւ փոխայցելությունների ազատության ապահովման՝ ընդհուպ բաց սահմանների սկզբունքով առաջնորդվելու հեռանկարը։