Հունգարիայի խորհրդարանը ապրիլի 29-ի նիստում կողմ է քվեարկել Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալու մասին օրինագծի ընդունմանը, այդ մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Այս որոշմամբ մենք հրաժարվում ենք լինել մի քաղաքականացված ինստիտուտի մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը»,- գրել է Սիյարտոն X սոցիալական ցանցում։
Օրենքի ընդունումից հետո Հունգարիան պետք է տեղեկացնի ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին։ Որոշումը ուժի մեջ կմտնի մեկ տարվա ընթացքում, գրում է «Կոմերսանտ»-ը։
Հռոմի կանոնադրությունը Հունգարիան ստորագրել էր 1999 թվականին եւ վավերացրել երկու տարի անց։ Դատարանից դուրս գալու պլանների մասին Հունգարիայի իշխանությունները հայտարարել էին ապրիլի սկզբին՝ այն օրը, երբ երկիր այցելել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որի ձերբակալության համար Միջազգային քրեական դատարանը համապատասխան որոշումը հրապարակել էր 2024 թվականի նոյեմբերի 21-ին։ Այս իրադարձությունից հետո Դատարանը բացատրություն էր պահանջել Բուդապեշտից։
Նշենք, որ բացի Նեթանյահուից` Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր տվել էր նաեւ Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի համար։ Նրանք կասկածում են 2023-2024 թթ․ Գազայի հատվածում կատարված պատերազմական հանցագործությունների եւ մարդկության նկատմամբ հանցագործությունների համար։
Հունգարիան առաջին երկիրը չէ, որը վերջին տարիներին անտեսել է Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության օրդերները։
2024 թվականին Մոնղոլիան էլ անտեսել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ձերբակալության որոշումը, որին կասկածում են Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների ապօրինի տեղահանումներ կազմակերպելու համար։