Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած 30-օրյա հրադադարը հնարավոր է միայն, եթե հաշվի առնվեն այն «նրբերանգները», որոնց մասին ավելի վաղ խոսել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Ապրիլի 28-ի երեկոյան Զելենսկին արձագանքել էր Հաղթանակի օրվա կապակցությամբ Պուտինի հայտարարած հրադադարին՝ առաջարկելով անհապաղ հրադադար «առնվազն 30 օրով»։
«Եթե խոսում ենք երկարաժամկետ հրադադարի մասին, ապա այստեղ կարեւոր են հենց այն նրբերանգները, որոնց մասին նախագահ Պուտինը խոսել էր Կրեմլում։ Առանց այդ հարցերին պատասխանելու նման երկարատեւ հրադադարի գնալը դժվար է»,- հայտարարել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները մինչ այժմ չեն արձագանքել Պուտինի հայտարարած հրադադարին։
«Դժվար է հասկանալ՝ արդյոք Կիեւի ռեժիմը մտադիր է միանալու այդ առաջարկին»,- ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պուտինը դեռեւս 2025 թվականի մարտին էր խոսել երկարաժամկետ հրադադար հաստատելու «նրբերանգների» մասին։ Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ Ռուսաստանի իշխանությունները կողմ են երկարաժամկետ հրադադար հաստատելուն, սակայն նշել էր, որ շփման գծի վերաբերյալ որոշ հարցեր լուծումներ են պահանջում։
«Ինչպե՞ս են լուծվելու շփման գծի ամբողջ երկայնքով մյուս հարցերը։ Իսկ այն գրեթե երկու հազար կիլոմետր է։ Իսկ այնտեղ ռուսական զորքերն առաջ են շարժվում գրեթե բոլոր հատվածներում։ [․․․] Ինչպե՞ս է օգտագործվելու այս 30 օրը: Նրա համար, որ Ուկրաինայում շարունակվե՞ն հարկադիր զորահավաքները։ Նրա համար, որ այնտեղ զե՞նք մատակարարվի։ Որպեսզի նոր մոբիլիզացված ստորաբաժանումները կարողանան վերապատրաստո՞ւմ անցնել։ Թե՞ սրանցից որեւէ մեկը չի արվելու։ Հետո հարց է առաջանում՝ ինչպե՞ս են լուծվելու վերահսկողության և ստուգման հարցերը։ Ինչպե՞ս կարող ենք երաշխավորել, որ նման բան չի լինի։ [․․․] Ո՞վ է հրաման տալու դադարեցնել ռազմական գործողությունները։ Եվ ինչպիսի՞ն է լինելու այդ հրամանի գինը։ Գրեթե երկու հազար կիլոմետր շփման գիծ է, ո՞վ է հստակեցնելու թե ով երբ է խախտել կրակի դադարեցման հնարավոր համաձայնությունը»,- հարցադրել էր Պուտինը։