Վաշինգտոնը պատժամիջոցների ցուցակի մեջ է ներառել Չինաստանի եւ Իրանի մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ նրանց մեղադրելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շահերի համար աշխատելու եւ բալիստիկ հրթիռների վառելիքի բաղադրիչների մատակարարմանը նպաստելու համար։
ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունում նշվում է, որ սահմանված միջոցները վերաբերում են վեց կազմակերպության եւ վեց ֆիզիկական անձի։ Այս պատժամիջոցները ներդրվում են այն պահին, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի ներկայացուցիչների հետ վերսկսել է վերջինիս միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները։
«Իրանի կողմից հրթիռների եւ այլ տեսակի զենքերի ագրեսիվ մշակումը սպառնում է ԱՄՆ-ի եւ նրա գործընկերների անվտանգությանը»,– ընդգծել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Այս որոշումը ազդել է Չինաստանում գործող հինգ ընկերությունների եւ Իրանում առկա մեկ կազմակերպության վրա։ Բացի այդ` պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաեւ Իրանի վեց քաղաքացիներ։ Վաշինգտոնը նրանց մեղադրում է նատրիումի պերքլորատի եւ մեկ այլ նյութի գնմանը նպաստելու համար, որը կարող է օգտագործվել պինդ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչներում։
«Սեւ ցուցակներում» ընդգրկվել են, մասնավորապես, Իրանում գործող Saman Tejarat Barman Trading Company (STB) ընկերությունը եւ Չինաստանում գրանցված Shenzhen Amor Logistics Co Ltd ընկերությունը։
Սա Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հերթական քայլն է, որի նպատակը Թեհրանին հարկադրելն է հրաժարվել միջուկային ծրագրերից եւ նման զենքի մշակումից։ Իրանական կողմը բազմիցս է հայտարարել միջուկային զենք ստեղծելու նպատակների բացակայության մասին։