Պակիստանը «վստահելի հետախուզական տվյալներ» ունի այն մասին, որ Հնդկաստանը մտադիր է «մոտակա 24–36 ժամվա ընթացքում» ռազմական գործողություններ սկսելու երկրի դեմ։ Այդ մասին ապրիլի 29-ի երեկոյան հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Տարարը։
Տարարի խոսքով՝ Հնդկաստանը կարող է ռազմական գործողությունները սկսել «Փահալգամ քաղաքում տեղի ունեցած միջադեպին Պակիստանի մասնակցության վերաբերյալ անհիմն եւ կեղծ մեղադրանքների պատրվակով»։
Ջամմու եւ Քաշմիր նահանգում գտնվող այս քաղաքում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 26 մարդ էր զոհվել։
Տարարը հավելել է, որ Իսլամաբադը առաջարկել էր «վստահելի, թափանցիկ եւ անկախ հետաքննություն» իրականացնել միջադեպի վերաբերյալ, սակայն Դելին դրա փոխարեն «որոշել է բռնել վտանգավոր, ռացիոնալությունից զերծ առճակատման ուղին»։
«Վստահելի հետաքննություններից խուսափելը ինքնին բավարար ապացույց է, որը բացահայտում է Հնդկաստանի իրական դրդապատճառները»,– հայտարարել է նախարարը։
Հնդկաստանի հնարավոր ցանկացած ռազմական գործողության «անխախտ եւ վճռական պատասխան կտրվի», նախազգուշացրել է Տարարը։
Նախօրեին էլ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆն էր Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել, որ Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստանի տարածք «անխուսափելի» է։
Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերությունները լարվեցին ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։
Հնդկական կողմի պնդմամբ՝ հարձակումն իրականացրել են Պակիստանում գործող «Լաշկար-է-Թայբա» իսլամական խմբավորման դիվերսիոն թեւ հանդիսացող «Դիմադրության ճակատի» մարտիկները։ Դրանից հետո Հնդկաստանի կառավարությունը կրճատեց Իսլամաբադում իր դեսպանատան աշխատակիցների քանակը, Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական առաքելության ռազմական խորհրդականներին հայտարարեց անցանկալի անձ եւ կասեցրեց Ինդոս գետի վերաբերյալ 1960 թվականի պայմանագիրը, որը կողմերի համար կարգավորում էր ջրային ռեսուրսների օգտագործման իրավունքը։