Ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հոկտեմբերի 10-ին անցկացված ճեպազրույցում:
Ռուս դիվանագետը նշել է, որ պայմանները փոխվել են, հատկապես՝ սեպտեմբերի 19-20-ի վերջին բախումներից հետո՝ բնակչության զանգվածային արտագաղթի հետնապատկերում: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ խաղաղապահներն արդեն փակել են մի շարք ստացիոնար եւ ժամանակավոր դիտակետեր։
«Մոսկվան Բաքվի հետ կքննարկի ԼՂ-ի հետ կապված հիմնարար հարցերը։ Հայաստանի վարչապետը Պրահայում ճանաչել է տարածաշրջանը՝ որպես ադրբեջանական տարածք, եւ հաստատել իր դիրքորոշումը Բրյուսելի գագաթնաժողովներում»,-շեշտել է Զախարովան:
