Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող 136 անձանցից 31-ը զոհվել են։ Այս մասին փետրվարի 6-ի երեկոյան ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին՝ մեկնաբանելով The New York Times-ի հրապարակումը։
Փետրվարի 6-ին ամերիկյան պարբերականը` վկայակոչելով Իսրայելի հետախուզության աղբյուրներին գրել էր 32 պատանդառվածի մահվան մասին։ Ըստ NYT-ի՝ նրանցից 30-ը մահացել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի սկսվելուց հետո, իսկ երկուսը՝ դեռեւս 2014 թվականի հակամարտության ժամանակ, որոնց մարմինները մինչ օրս պահվում են Գազայի հատվածում։
NYT-ը նաեւ նշում է, որ զոհված պատանդներից մի քանիսը սպանվել էին հոկտեմբերի 7-ի հարձակման ընթացքում: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները նրանց մարմինները իրենց հետ տարել էին Գազա։ Մյուսները գերության մեջ զոհվել էին հարձակման ընթացքում ստացած վիրավորումներից։
Բացի այդ, ինչպես պարբերականին հայտնել են իսրայելցի չորս պաշտոնյաներ, իսրայելական հետախուզության դեռեւս չհաստատված տեղեկությունների համաձայն, զոհվել է նաեւ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված եւս 20 անձ: Այս պահին 80 իսրայելցի պատանդ շարունակում են մնալ ՀԱՄԱՍ-ի մոտ է
Հագարին պարզաբանել է, որ մինչ այժմ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է հոկտեմբերի 7-ին գերեվարված 29 պատանդների եւ 2014 թվականին առեւանգված եւ սպանված երկու զինվորների՝ Օրոն Շաուլի եւ Հադար Գոլդինի մահը։ 31 պատանդների ընտանիքներն արդեն ծանուցվել են հարազատների մահվան մասին, հավելել է Հագարին։
Եգիպտոսի պաշտոնյաների համաձայն էլ, մեջբերում է The Wall Street Journal-ը, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ տեղեկություններ չունի սպանված պատանդների ճշգրիտ թվաքանակի վերաբերյալ: Բացի այդ, պաղեստինյան շարժման ներկայացուցիչները պնդում են, որ պատանդներից մի քանիսը մահացել են իսրայելական ավիահարվածների արդյունքում։ Իսրայելը հերքում է այս պնդումները։