Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, թե առաջարկելու է առողջապահության բնագավառում 2021-ի Նոբելյան մրցանակը շնորհել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծողներին: Դրա մասին նախագահն ասել է.
«Ես մտադիր եմ իմ այդ կարծիքը հայտնել նրանց, ովքեր Նոբելյան մրցանակի հետ կապված որոշումներ են ընդունում: Առողջապահության բնագավառում մրցանակը պետք է շնորհել մարդկանց, որոնք կարողացել են ստեղծել պատվաստանյութեր եւ մարդկային կյանքեր փրկել»,- ասել է Օբրադորը ուղիղ եթերում հեռարձակված մամուլի ասուլիսում:
Մեքսիկայի նախագահն ընդգծել է, որ դեղագործական ընկերություններն աննախադեպ կարճ ժամկետում ռազմավարություն են մշակել, որը պատվաստանյութեր ստեղծելու հնարավորություն է ընձեռել, եւ այդ նվաճումը պետք է գնահատվի: «Գիտնականները եւ ընկերություններն արժանի են այդ մրցանակին»,- ասել է նա:
Մանուել Լոպես Օբրադորը շեշտել է, որ աղքատ խավերին պատվաստելը նպաստել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացության նվազմանը: