Հուլիսի 11-ին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու խաչի շուրջը բարձր երաժշտության տակ պարած երեք թուրքերը շուտով կկանգնեն դատարանի առջեւ, տեղեկացնում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը: Նշվում է, որ հուլիսին սկսված նախաքննությունն ավարտվել է, Ստամբուլի ասիական ափի հանրապետական ավագ դատախազությունը հայկական եկեղեցու վրա պարած մարդկանց մեղադրանք է առաջադրել՝ ժողովրդի մի մասի դավանած կրոնական արժեքներն անարգելու եւ հասարակական անդորրը խախտելու համար: Մեղադրանքին ընթացք տալով՝ ասիական ափի 27-րդ պատժական ատյանը դատ է բացել նրանց դեմ: Ըստ մամուլի՝ պարողներին սպառնում է մեկ տարվա ազատազրկում: Հետաքննությամբ եզրակացվել է նաեւ, որ երեք հարբած տղամարդիկ կառույցը, որի վրա զվարճանում են, պատահական են ընտրել, նրանց գործողությունը կազմակերպված չի եղել, եւ որ սրբավայրը նրանց գործողությունից չի վնասվել:
Հուլիսին տեղի ունեցած այս միջադեպը լայն արձագանք էր գտել թուրքական մամուլում եւ հասարակության շրջանում: Տեսանյութը հայտնվել էր համացանցում եւ արժանացել պարսավանքի, խաչի շուրջը պար բռնողները ձերբակալվել էին, ապա, խոստովանական ցուցմունքներ տալով, ազատ արձակվել:
Դեպքին անմիջապես արձագանքել էր նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Twitter-ում հրապարակված տեսաաուղերձում միջադեպը երկրի բնակիչների միասնության եւ կրոնի դեմ անհարգալից վերաբերմունք եւ սադրանք որակելով, իսկ Թուրքիայի ներքին գործերի նախարարը զանգահարել էր Պոլսո հայոց պատրիարքին ու խոստացել, որ հանցագործները կպատժվեն:
Նշենք, որ Քադըքյոյ շրջանում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցին տարիներ առաջ հայտնվել էր նաեւ ազգայնականների թիրախում: Անհայտ անձը եկեղեցու մուտքի մոտ աղբաման է դատարկել, իսկ շենքի պատին գրել՝ «Էրզրումցի. այս հայրենիքը մերն է»: