ԿԲ-ն 0.25-ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 8 տոկոս. նպատակն, ըստ էության, Հայաստանում շարունակվող գնաճը զսպելն է. վերջին մեկ տարում ԿԲ-ն արդեն 8-րդ անգամն է նման քայլի դիմում:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ իր ասուլիսում անդրադարձավ այդ հանգամանքին` նշելով, որ ՀՀ-ում գնաճը 7.7% է, իսկ սննդամթերքի գներն աճել են շուրջ 12 տոկոսով: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե մենք գործողություններ չիրականացնեինք անցած տարվա ընթացքում, այդ գործողությունները չլինեին ապագային միտված, այսինքն՝ ավելի շուտ չսկսեինք, քան մնացած բոլոր երկրները, մեր գնաճը կլիներ ոչ թե սննդամթերքի համար 11%, այլ ընդհանուր գնաճը կլիներ 15%, որը ենթադրում է, որ սննդամթերքի գնաճը կլիներ 20%-ից ավելի»,- հայտարարել է նա։
Փաստ է, որ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակն ամիս առ ամիս ավելի է սրվում. դրանում համոզվելու համար ամենեւին կարիք չկա դիմելու պաշտոնական վիճակագրությանը. այդ ամենն անզեն աչքով էլ է երեւում՝ ամեն անգամ գնումներ կատարելիս: Ու հիմա ԿԲ-ն փորձում է քայլեր ձեռնարկել գնաճի ազդեցությունը մեղմելու համար:
Ճիշտ է, ԿԲ նախագահը հայտարարեց, թե ակնկալում են, որ այս տարի, ի տարբերություն 2021-ի, սննդամթերքի գներն ավելի ցածր տեմպերով կաճեն, 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի եւ կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին: Սակայն ինքներդ եք հասկանում, այդ ամենն առայժմ ակնկալիք է. եւ փաստ չէ, որ այդ ակնկալիքները կարող են իրականանալ: Մանավանդ, երբ երկարաժամկետ հեռանկարում իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ, եւ չգիտես՝ համաշխարհային շուկան ինչ վայրիվերումների կենթարկվի:
Մինչ այդ մեկ փաստ էլ. հատկանշական է, որ նախորդ տարվա կտրվածքով Հայաստանում գրանցվել է 7.2% գնաճ, իսկ միայն սննդամթերքը թանկացել է 11.5%-ով: Իսկ ահա միջին ամսական անվանական աշխատավարձի աճը եղել է 7.6%, այսինքն՝ ավելի քիչ, քան սննդամթերքի շուկայում գնաճը:
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերջին տվյալների` միջին աշխատավարձի մեծությամբ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հինգ անդամ-երկրների շարքում նախավերջինն է, ընդ որում՝ հայաստանցիների իրական աշխատավարձերը նախորդ տարվա բարձր գնաճի պայմաններում անգամ նվազել են։ Հայաստանում, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, միջին աշխատավարձը կազմել է 389 դոլար։
Եվ այս իրավիճակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կրկնել, որ անկախ թանկացումներից մարդիկ սկսել են ավելի լավ ապրել:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: