Իսպանական «El Pais» պարբերականը հայտարարել է, որ իր տրամադրության տակ են հայտնվել «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պատասխանները անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին» խորագրով գաղտնի փաստաթղթերը: Դրանք հրապարակվել են պարբերականի առցանց էջերում:
Պատասխանում հաշվի չեն առնվել ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալու, ռուսական սահմանների մոտ հարվածային համակարգերի տեղակայումից հրաժարվելու, ինչպես նաեւ Եվրոպայում դաշինքի ռազմական ենթակառուցվածքը 1997-ի վիճակին վերադարձնելու մասին պահանջները:
ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության թեմայով երկխոսության համատեքստում Ռուսաստան-ՆԱՏՕ եւ ԵԱՀԿ խորհրդի շրջանակում, սակայն շարունակում է հաստատակամորեն պահպանել Հյուսիսատլանտյան դաշինքի «բաց դռների» քաղաքականությունը։
Արեւելյան Եվրոպայում միջուկային զենք չեն տեղակայի
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել քննարկելու ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի փոխադարձ պարտավորությունները եւ թափանցիկության ապահովման փոխադարձ միջոցառումները՝ ուղղված Ուկրաինայի տարածքում մարտական առաքելություն ունեցող հարձակողական հրթիռային համակարգերի եւ մշտական ուժերի տեղակայմանը:
ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն հաստատել են, որ ձեռնպահ են մնում Արեւելյան Եվրոպայում միջուկային զենքի տեղակայումից:
Միաժամանակ ԱՄՆ-ը պատրաստ է խորհրդակցությունների ընթացքում դաշնակիցների համաձայնությամբ քննարկելու Ռումինիայում եւ Լեհաստանում ՀՀՊ օբյեկտներում «Տոմոգավկ» թեւավոր հրթիռների ներկայությունը բացառելու թափանցիկ մեխանիզմը, պայմանով, որ ՌԴ-ն համանման թափանցիկ միջոցներ կառաջարկի ՌԴ-ում ցամաքային բազավորման հրթիռներով երկու կայանների համար՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ընտրությամբ:
ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկելու Ուկրաինայում հարձակողական հրթիռային համակարգերի եւ ուժերի տեղակայումը սահմանափակելու փոխադարձ պարտավորությունները, ինչպես նաեւ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու ծովում եւ օդում տեղի ունեցած միջադեպերը կանխելու համար: