Eurasianet կայքի Թուրքիայի եւ Կովկասի գծով խմբագիր Ջոշուա Կուչերան «Հայաստանը պատրաստակամ է զիջելու Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը» վերնագրով հոդվածում անդրադարձել է տարածաշրջանային քաղաքականությանն ուղղված Հայաստանից եկող նոր ազդակներին:
Հայաստանի կառավարությունն ընդունում է, որ հայերը չեն կարողանալու պահպանել Լեռնային Ղարաբաղի լիակատար հսկողությունը եւ Ադրբեջանի ինքնիշխանության համար լիարժեք ճանապարհ են հարթում՝ անորոշության մատնելով տարածքի ներկայիս հայ բնակչության ապագան:
Զիջման մասին բացահայտորեն չի հայտարարվում, բայց դա ակնհայտ զգացվում է Երեւանի պաշտոնական հռետորաբանության մեջ:
Մարտի կեսին Ադրբեջանն առաջարկել էր հակամարտության լուծման նոր շրջանակներ, որում ներառված էր երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչը կնշանակեր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ: Սակայն Հայաստանը չի առարկում, որ կընդունի այդ առաջարկը՝ ավելացնելով միայն, որ այնտեղ ապրող հայերի համար ակնկալում է «իրավունքների եւ ազատությունների որոշակի երաշխիքներ»:
«Մեզ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային խնդիր չէ, այլ իրավունքների հարց է»,- հայտարարել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Դրան հետեւեցին վերջին ամիսներին, ավելի քիչ բացահայտ, բայց նույն բովանդակությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները:
Նա շեշտել էր, որ ՄԱԿ-ը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, եւ որ պետք է հարգվեն տարածաշրջանի ադրբեջանցի նախկին բնակիչների իրավունքները:
Պաշտոնապես Երեւանը հերքում է, որ գնում է զիջումների
«Հայաստանի դիրքորոշումն այն է, որ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, եւ պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի բոլոր, այդ թվում ինքնորոշման իրավունքները», — Eurasianet-ին ասել է ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով, քանի որ հրապարակավ խոսելու լիազորություն չուներ:
Պարզ չէ՝ ինչ կնշանակի դիրքորոշման փոփոխությունը Ղարաբաղում ապրող մոտ 150 հազար էթնիկ հայերի համար: Մինչեւ 2020-ի պատերազմը, որի արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր տարածքի մեծ մասը, Բաքուն պատրաստ էր Ղարաբաղի համար հատուկ ինքնավարության կարգավիճակ առաջարկելու, եթե հայերն ընդունեին այն որպես Ադրբեջանի տարածք:
Բայց 2020-ի Ադրբեջանի ռազմական հաղթանակից հետո նախագահ Իլհամ Ալիեւը անմիջապես հրաժարվեց այդ խոստումներից, քանի որ հրադադարի համաձայնագիրը չէր ընդգրկում տարածաշրջանի ինքնավար կարգավիճակի մասին որեւէ կետ:
Տարածաշրջանի վերահսկողության հայկական զիջումը, սակայն, առաջարկվել է այն հույսով, որ Ադրբեջանը կփոխհատուցի դա հայ բնակչության համար որոշակի հատուկ իրավունքների երաշխիքով:
Այդ իրավունքների առանձնահատկությունը մեծ բաց հարց է, «քանի որ հիմնական իրավունքներից մեկը միշտ եղել է ինքնորոշման խնդիրը: […] Բայց եթե նրանք պատրաստ են դրա մասին խոսելու, ոչ այն ավանդական Ղարաբաղ-Հայաստան տեսանկյունից, որ կարգավիճակը կարող է հետագայում անկախության բերել, այդ պարագայում հնարավոր է բանակցության տեղ մնա»,- Eurasianet-ին ասել է անանուն օտարերկրյա դիվանագետը:
Հայերի քննարկվելիք իրավունքները կարող են լինել մշակութային իրավունքներ
«Հայերի իրավունքները Ղարաբաղում շարունակում են լինել խնդիրների ամբողջ գունապնակի հիմնական հարցը, որը մշտապես բաժանել է երկու երկրներին»,- շարունակել է դիվանագետը:
«Խնդիրների մեծ մասը կարող է լուծվել, եթե լուծվի հայ բնակչության ապագայի հարցը: Դա այն խնդիրն է, որը ծնեց հակամարտություն, եւ […] սա այն խնդիրն է, որին պետք է անդրադառնալ հակամարտության լուծման համար»:
Երբ Հայաստանը հաղթեց իր պատերազմը 1990-ականներին, նվաճված տարածքներում ապրող ադրբեջանցիները փախուստի էին դիմել: Նույնը տեղի է ունենում հակառակ ուղղությամբ, 2020-ին Ադրբեջանի հաղթելուց հետո:
Երեւանի քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բենիամին Պողոսյանը նշել է, թե Ղարաբաղի հայերի քննարկվելիք իրավունքները կարող են լինել մշակութային իրավունքներ, ինչպես, օրինակ՝ հայկական դպրոցների պահպանումը եւ հայալեզու լրատվամիջոցներ ունենալու հնարավորությունը:
«Շեշտը դնել իրավունքների վրա՝ կնշանակի, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է դիտելու Արցախը որպես Ադրբեջանի մաս, եթե Ադրբեջանը որոշ իրավունքներ եւ որոշակի ինքնավարություն է տալիս»,- ասել է նա Eurasianet-ին:
Ադրբեջանը Հայաստանին չի համարում գործընկեր
Բաքվի վերլուծաբաններից մեկը նշել է, թե իրենց կառավարությունը կարող է շահագրգռված լինել առաջարկել որոշ քաղաքական իրավունքներ եւս, բայց դեռ չի բարձրացնի տարածաշրջանի համար հատուկ կարգավիճակի հարցը:
«Պատերազմից հետո թվում էր, որ Լեռնային Ղարաբաղի 90-ականների վարչական կարգավիճակին վերադառնալն անհնար է, բայց կառավարությունը կցանկանա առաջարկել նվազագույն ծրագիր, ինչպիսին է մշակութային իրավունքների հարցը: Եվ եթե տեղի հայերը համաձայնության գան, քննարկումը կարող է վերածվել մշակութային իրավունքներից ավելի մեծ մի բանի»,- Eurasianet-ին ասել է ադրբեջանցի վերլուծաբանը, որը եւս նախընտրել է անանուն մնալ:
Բայց Բաքուն հետաքրքրված է հարցը քննարկելու միայն Ռուսաստանի հետ, որն այժմ իր 2000-անոց զորքով խաղաղապահ առաքելություն է իրականացնում Ղարաբաղի մնացած հայաբնակ հատվածում, եւ որին Ադրբեջանը դիտարկում է որպես տարածաշրջանում իրական ուժ:
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը տեղի հայերի ճակատագիրը քննարկելիս Հայաստանին չի համարում գործընկեր: Նրանք Ռուսաստանն են տեսնում որպես բանակցության կողմ, որի հետ էլ կքննարկեն տարածաշրջանի ապագան»,- ասել է վերլուծաբանը:
«Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ» կարգախոսի շահառուներն ու իրականությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն չի արձագանքել հայկական կողմի խնդրանքին: Ղարաբաղի ինքնիշխանությունը զիջելը կտրուկ շրջադարձ է լինելու թե՛ Երեւանի, թե՛ մասնավորապես Փաշինյանի համար:
Երբ Լեռնային Ղարաբաղը 1990-ականների պատերազմից հետո հռչակեց իր անկախությունը, այն չճանաչվեց որեւէ երկրի, նաեւ Հայաստանի կողմից:
Այդ ժամանակից ի վեր բանակցություններ են վարվել այն շրջանակներում, որ խաղաղության համաձայնագրից հետո տարածաշրջանի կարգավիճակը որոշվելու է ժողովրդի կամքին համաձայն: Բայց հայերի համար բանադրանք էր մտածել այլ բան, քան այն, որ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ»:
Երբ Ադրբեջանը սկսեց իր հարձակումը 2020-ի սեպտեմբերին, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է պաշտոնապես ճանաչել Ղարաբաղի անկախությունը, բայց այդպես էլ չճանաչեց:
Պատերազմի մեկնարկից հետո, միջազգային իրավունքի համաձայն, առաջ եկավ «անջատում հանուն փրկության» հայեցակարգը, որը հայերի շրջանում Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորության հույս արթնացրեց: Ինքը՝ Փաշինյանը, բազմիցս հաստատեց գաղափարը, բայց, ըստ իր կայքի հղումների, վերջին այդպիսի հիշատակությունը եղել է 2021-ի հունիսի 21-ին՝ նախընտրական հանրահավաքների ժամանակ:
Ուկրաինայում պատերազմը եւս փոխեց Հայաստանի մոտեցումները
Հայաստանը նաեւ փորձում է առաջ տանել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որում Ադրբեջանն իր դերն ունի դաշնակցի՝ Թուրքիայի վրա ազդելու գործում:
Երեւանյան վերլուծաբանը նշել է, որ Ուկրաինայում պատերազմը եւս փոխեց Հայաստանի մոտեցումները:
«Ակնհայտ է դառնում, որ մենք չենք կարող ապավինել Ռուսաստանին: Նույնիսկ եթե Ռուսաստանը դուրս գա այս [Ուկրաինայի] պատերազմից, նրանք կարող են մեզ ներառել Միության [Բելառուսի հետ] կազմում կամ մեզ վաճառել Թուրքիային ու Ադրբեջանին՝ Ռուսաստանի համար ավելի կարեւոր զիջումների դիմաց, ինչպիսիք են Ղրիմը կամ Դոնբասը, կամ նման մի բան,- ասել է վերլուծաբանը:- Հետեւաբար մենք մինչ այդ պետք է գտնենք կարգավորում կամ առնվազն անմիջական գործընթացներ սկսենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»:
Ջոշուա Կուչերա, Eurasianet
Թարգմանեց Կարինե Դավոյանը