Ըստ Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության՝ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը եւ առավոտյան՝ 09:00-ի դրությամբ, արցախա-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։
«Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ»,– ասված է հաղորդագրությունում։
Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է նաեւ, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, չի համապատասխանում իրականությանը:
Չնայած հարաբերական կայունությանը` լարվածությունը պահպանվում է։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակվում են աշխատանքները իրավիճակի հետագա կայունացման համար։
Ադրբեջանի ՊՆ-ն էլ օգոստոսի 8-ի առավոտյան հաղորդագրություն էր տարածել, թե հայկական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը Բերձորի եւ Քարվաճառի ուղղությամբ։