Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրավված տարածքներում ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեներ անցկացվելու դեպքում բացառել է Ռուսաստանի հետ բանակցելու հնարավորությունը:
Փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժելուց առաջ Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի եւ Լուգանսկի, այսպես կոչված, «ժողովրդական հանրապետությունների» անկախությունը, ռազմական փոխօգնության պայմանագրեր կնքել դրանց հետ: Վերոնշյալ տարածքներում Կրեմլի հովանավորությամբ նշանակված ղեկավարները բազմիցս են հայտարարել ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեների ցանկության մասին:
«Մեր պետության դիրքորոշումը չի փոխվել, մենք մեր տարածքից ոչ մի թիզ չենք զիջի, եւ եթե զավթիչները գնան այդ կեղծ, այսպես կոչված, «հանրաքվեների» ճանապարհով, դրանով կփակեն Ուկրաինայի եւ ազատ աշխարհի հետ բանակցելու դուռը, որը կոնկրետ մի օր պետք է գալու ռուսներին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Երբ բանակցողները կկատարեն «տնային աշխատանքը»․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն, երբ բանակցողները կատարեն «տնային աշխատանքը», իսկ մինչ սյդ հանդիպման նախադրյալներ չկան:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Պուտինին առաջարկել է հանդիպում կազմակերպել Զելենսկու հետ։ «Նախագահների բարձր մակարդակի հանդիպմանը նպաստող բանակցող պատվիրակությունների տնային աշխատանքը կատարված չէ»,- ասել է Պեսկովը։
Դրա համար էլ, ըստ նրա, Էրդողանի հիշատակած հանդիպման համար անհրաժեշտ նախադրյալներ ներկա պահին չկան։
Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլում գնահատում են Թուրքիայի նախագահի ջանքերը՝ ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցային գործընթացը կազմակերպելու համար, սակայն ուկրաինացի բանակցողների պատվիրակությունը «հեռացել է նպատակից»:
«Այս առումով այժմ որեւէ բանակցային գործընթաց չկա»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է մինչեւ սահմանված նպատակների իրականացումը: