«Անշեղորեն կենսագործենք համագումարի որոշումները». Մեղրիի գինու գործարանի պատերին դեռ թարմ են խորհրդային տարիների գաղափարախոսության հետքերը, լավ պահպանված են նաեւ խորհրդային աշխատավորին պատկերող կտավները:
Գինու գործարանը 1952 թվականին է շահագործվել, երբ Մեղրիում զարկ են տվել խաղողագործությանը։ Գործարանի վերջին տնօրեն Դավիթ Ալեքսանյանը հիշում է այն տարիները, երբ 300 տոննա խաղող էին մթերում, երբ 40 աշխատակից ունեին, եւ գինիներն արտահանվում էին Վոլգոգրադ ու Մոսկվա:
«Մեր երկու գինիները` «Մեղրաձոր»-ն ու «Մեղրի»-ն, մեդալակիր են, մեկը՝ Տոկիոյում, մյուսը Փարիզում ենք ստացել: Ունեցել ենք նաեւ խաղողի նեկտարից՝ ծաղկափոշուց արտադրված հոյակապ գինի: 1995 թվականին, երբ սեփականաշնորհվեց գործարանը, եւ խաղողի գները թանկացան, խաղողը փոխարինեցինք նռով: Երկու անգամ Ռուսաստան ենք արտահանել նռան գինի, հետո մեծ ծավալի ՝ 60000 լիտր գինու պատվեր ստացանք, չտարան, ես էլ սնանկացա, գործարանն էլ»:
Նախկին տնօրենը բացառում է, որ այսօրվա հարկային դաշտում գործարանը կկարողանա վերագործարկվել. արտադրական պրոցեսները հնացած են, էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալ հնարավոր չէ, սարքավորումները եւս հին են: Բացի այդ՝ Մեղրիում այսօր խաղողագործությամբ զբաղվողներն են քիչ, «180 հա խաղողի այգիներից մնացել է ընդամենը մեկ, մեկուկես հեկտար, մնացածը Շվանիձորում կամ կողքի գյուղերում են: Ճանապարհածախսը մեծ է, արտադրանքը պետք է մոտ լինի սպառման շուկային: Ամեն ինչ մեռավ, գուցե տնօրենից է կախված, չգիտեմ, բայց ավելի շատ քաղաքականության հետեւանք էր,- ասում է Ալեքսանյանը,- մեծ ներդրումներ են պետք, բաժնետերերից ոչ մեկն ի վիճակի չէ, պետությունը այդպիսի բան չի անի, գործարանն էլ կմնա որպես թանգարանային նմուշ, դուք էլ կգաք ու հոդված կգրեք գործարանի երբեմնի հռչակի մասին»:
Գործարանի ամենահին՝ 1951 թվականին կառուցված շինությունում բաժնետերերից մեկը՝ Իշխան Ասլանյանը, 2014 թվականից սկսել է չոր մրգերի արտադրությամբ զբաղվել: Ներկայանում են «Մեղրինե» ապրանքանիշով։
«Մեղրինե»-ն արտադրում է տարեկան 4-6 տոննա արքայանարնջի եւ մինչեւ 2 տոննա թզի չիր: Բացի սեփական արտադրանքից՝ չիր են մթերում նաեւ այլ արտադրողներից, արտահանում են հիմնականում ռուսական եւ ուկրաինական շուկա:
Արեւային չորանոցներից անցնում են էլեկտրական չորանոցների, երբ եղանակային պայմանները վատանում են։ Չիրն արդեն երկու տարի է՝ արտահանում են եվրոպական շուկա: Մեղրահամ մրգից գոհ էին նաեւ Շվեյցարիայում, երկու տարի «Մեղրինեն» արտահանվում էր ԱՄՆ։ Ամերիկյան շուկայում արքայանարնջի չրերը վաճառվում էին տեղականից երեք անգամ թանկ գնով։ «Համավարակով պայմանավորված՝ բեռնափոխադրումը թանկացավ, էլ չկարողացանք հարմարվել գներին»,- ասում է Իշխան Ասլանյանը:
«Ծավալներն այնքան մեծ չեն, որ կարողանամ մատակարարել հայկական սուպերմարկետներին. եթե հասնեն 4-5 տոննայի, արդեն հնարավոր կլինի ապրանքն իրացնել ներքին շուկայում։ Երբ երկրում լինի կայունություն եւ հավատ վաղվա օրվա հանդեպ, ես կանեմ այս ներդրումների հնգապատիկը: Ռիսկով կմտնեմ վարկերի տակ, այսօր լավ գյուղատնտտեսական վարկեր են առաջարկում, բայց կաշկանդված ես քայլերն անում»։
Այս տարի իր արտադրանքը ամենամեծ շուկա՝ Ուկրաինա չի կարողացել արտահանել նաեւ Մեղրու պահածոների գործարանը, որը հիմնականում ընկույզի ու թզի, տեսականի ապահովելու համար էլ սերկեւիլի, հոնի, վարդի մուրաբաներ է արտադրում։ Մեղրու հատուկենտ պահպանված գործարանների՛ց է պահածոների գործարանը: Տնօրենն ասում է՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո արտահանման ծավալները կտրուկ նվազել են, խնդիրն առաջացել է դեռեւս 2014 թվականից: Հիմա աշխատում են ամերիկյան շուկայի հետ, բանակցում են Դանիայի հետ:
Գործարանը 1931 թվականին է հիմնադրվել, ժամանակի իշխանությունները, հաշվի առնելով տարածաշրջանի հեռավորությունն ու անուշահամ մրգերը, որոշում են կայացրել հիմնել պահածոների գործարան։ Այն մեծ թափ է ստացել 80-ականներին, եւ Կառավարությունը որոշել է ընդլայնել գործարանի տարածքը։
«Թեժ ժամանակ գործարանը չէր կարողանում վերամշակել բերքն, ու ստիպված տեղափոխում էինք հանրապետության այլ գործարաններ: Նախագծային աշխատանքներն արդեն արված էին, տարածքը հարթեցվել էր, 88-ի երկրաշարժի պատճառով շինաշխատանքերը դադարեցին»,- ասում է գործարանի տնօրեն Գրիշա Գրիգորյանը։
2011 թվականին Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի համաֆինանսավորմամբ գործարանը մասնակի նորոգվում է, բերվում է միջազգային ստանդարտների եւ ստանում ISO սերտիֆիկատ։
«Մթերքը գնում ենք Մեղրու տարածաշրջանից։ Մթերում ենք այն գներով, ինչ գներով իրենք շուկայում վաճառում են։ Գործարանն ունի 20 աշխատակից, սեզոնի ընթացքում ներգրավում ենք աշխատողների Մեղրու տարածաշրջանից». ասում է տնօրենը։ Շուկայում կարողանում են գոյատեւել միայն որակի հաշվին, գործարանը մասնագիտացված է մուրաբաների արտադրության մեջ, բայց տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար որոշել են վերանայել գործունեությունը՝ շեշտը դնելով չրարտադրության վրա:
Չրերի բազմազանությամբ Հայաստանի ոչ մի քաղաք Մեղրիի հետ չի կարող մրցել։ Եթե այս շրջանում այցելեք Մեղրի, ամենուր կտեսնեք մրգային «վարագույրներ»։ Սեզոնին չրի գործն այնքան առատ է լինում, որ Հայաստանի տարբեր քաղաքներից, հատկապես Գյումրիից, Վանաձորից, Արմավիրից Մեղրի են գնում արտագնա աշխատանքի։ Իսկ մեղրեցիները վաղուց արդեն արտագնա աշխատանքի չեն մեկնում, դրա կարիքը պարզապես չկա: Այստեղ բոլորը չրարտադրությամբ են զբաղված։
«Ինքս չրի արտադրությամբ իմ երկու ուսանող զավակների վարձավճարներն եմ տալիս»,- ասում է գեղագիտության ազգային կենտրոնի մանկավարժ Մարգարիտա Պետրոսյանը։
Այսօր շատերն են սկսել ընդարձակել արքայանարնջի այգիները: Այս պտուղը հատուկ խնամք չի պահանջում եւ հրաշալի բերք է տալիս: Ինչպես ասում են, փողը ծառից կախված է: Չրագործությունը մի քանի մասնագիտացում ունի․արքայանարինջը հավաքողներ, կճպողներ, կապողներ, կախողներ, փափկացնողներ։ Կճպում են 1 կիլոգրամը 25 դրամով, կապողները 1 կիլոգրամը 15 դրամով են աշխատում։ «Օր է եղել, որ իմ բերքը վերջացրել եմ, հարեւանի արքայանարինջն եմ կապել, օրվա վերջում վաստակել եմ 20000 դրամ»,- ասում է մեղրեցի կանանցից մեկը։
Չրագործությամբ հավասարաչափ զբաղվում են ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ: Մեղրիում միրգն ու չիրը դրամական միավոր են։ Այստեղ գրեթե ամեն օր կենցաղային մեծ ու փոքր ապրանքները փոխանակվում են չրով։

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։