• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Վահրամ Մարտիրոսյան. Հունգարական օրագիր-3

aliq 19:00 | 04.02.2023
aliq 19:00 | 04.02.2023
Monument of Gábor Sztehlo
Հուշարձան նվիրված բողոքական քահանա Գաբոր Ստեհլոյին (1909-1974), որը շուրջ 2000 հրեա երեխա է փրկել հունգարական «Նետ» ֆաշիստական կուսակցության իշխանության տարիներին, հետագա կյանքում եւս նրանց աջակցել։ Քանդակը՝ Տամաշ Վիղի (2009), լուսանկարը՝ հեղինակի

ԻՄՐԵ ԿԵՐՏԵՍ՝ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՈՉ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

II

Որտե՞ղ պետք է ապրի գրողը

Կերտեսի մրցանակի հակառակորդները գտել էին մի հարցազրույց, որտեղ նա ասում է գերմանացի լրագրողին, թե ինքը հունգարացի չէ, նախ և առաջ մարդ է համարում իրեն։ Բարի կամք էր պետք համատեքստն ընդունելու համար, որը շատերը Հունգարիայում չեն ցուցաբերել։ Կերտեսին մեղադրում էին նաև, որ Գերմանիայում էր ապրում, 1990-ականներից։ Եթե սահմանները բաց են, արվեստագետը ազատ է ընտրելու ցանկացած երկիր, որտեղ ուզում է ստեղծագործել։ Լավագույն օրինակը 1930-ականների Փարիզն է, որ աշխարհի մշակութային մայրաքաղաքն էր։ Որտեղ տարիներ շարունակ ապրում էին իսպանացի Պիկասոն, Դալին, մեր Երվանդ Քոչարը… Գրողներից՝ Էռնեստ Հեմինգուեյը, Սկոտ Ֆիցջերալդը, Հենրի Միլերը…

Նույնիսկ ամերիկացիներն էին երբեմն արդարանում, թե ինչու են ապրում օտար քաղաքում, որքան էլ այն տոն էր, որ «միշտ քեզ հետ է», Կերտեսին հարց են տալիս, և նա պետք է հիմնավորի, թե ինչու Բուդապեշտում չէ.

«Իմ վերջին՝ «Մեկ ուրիշը» գրքում, թվագրված՝ 1991, գտա մի նախադասություն. «Ազատությունը չի կարելի ապրել նույն վայրում, որտեղ մեր ստրկությունն ենք անցկացրել»: Ուրեմն ի՞նչ եմ անում դեռ այստեղ: Իմ ճակատագիրն այլևս կապված չէ ազատ Բուդապեշտի հետ, և հենց այն պատճառով, որ ազատությունը՝ մեր երկուսի ազատությունը, լուծարել է այս կապը: Ես ապրում եմ այստեղ, բայց կարող էի ապրել այլուր, այլևս պարտադիր չէ, որ այստեղ լինեմ։ Եվ դա ինձ անհանգստացնում է ավարտված հարաբերության նման, որը, այնուամենայնիվ, չի վերջանում: Հոգևոր իմաստով իմ ներկայությունն այստեղ արդարացված չէ, ինչպես, պարադոքսալ կերպով, արդարացված էր բռնապետության օրոք («սոցիալիզմի» շրջանում-Վ.Մ.)։ Ավելի ճշգրտեմ. արժեքավոր չէ այլևս այստեղի գոյությունս։ Բուդապեշտն այլևս հոգևոր վայր չէ, նույնիսկ որպես բացասական ոգեշնչում. այն պարզապես չունի հոգևոր մթնոլորտ: Առանց հիշողության քաղաք է Բուդապեշտը, որտեղ ներդաշնակության և վճռական գիտակցումների աշխույժ հուզմունքի փոխարեն ծնվում են առասպելներ ու կեղծ կարոտաբաղձություն»:

Գերմանական մամուլին տված մեկ այլ հարցազրույցում, որը շատ չանցած տպագրվել է հունգարերեն, Կերտեսն աստառը ի դուրս է շրջում ամբողջատիրական վարչակարգին ընդդիմադիր գրողի հոգեվիճակը, որը հայտնվել է ժողովրդավարության պայմաններում։ Նա պետք էր իր երկրում, երբ դիմադրում էր վարչակարգին, և «կեղծ կարոտաբաղձությամբ» չի կարող տառապել. մեծացել է մի Հունգարիայում, որը միշտ բազմազգ պետություն է եղել, բայց տասնամյակներով ընկղմվել այլատյացության ճահիճը՝ հետևելով ցեղասպանությունների պատմության մեջ երիտթուրքերին գերազանցած Հիտլերի օրինակին։ Իսկ ժողովրդավարությունն էլ դեռ չափազանց հեղհեղուկ է, հաճախ՝ նմանակման, ամբոխավարության է վերածվում՝ ո՛չ պաշտպանելու է, ո՛չ միանշանակ հակադրվելու։

Ինչպես ընկա Կերտեսի մանկության Բուդապեշտ

Չգիտեի նախօրոք՝ ինչ կտան ինձ սիրելի գրողների հետ առնչվող վայրերը, բայց ինչպես և նախատեսել էի իմ ծրագրով, փնտրեցի, գտա դրանց մեծ մասը։ Կերտեսի դեպքում մեծ անակնկալ էր սպասում, երբ գնացի Գուտենբերգի հրապարակ, որին շատ մոտ է ապրել նա փոքր ժամանակ։

«Ահա պատմությունը, որը շատ վաղ խախտեց իմ մանկական ներդաշնակությունը այս քաղաքի հետ։ Հայրս սիրահետում էր մի կնոջ, որի հետ ամուսնացավ։ […] Մի երեկո, երբ տուն էինք գնում սիրային ժամադրությունից և արդեն Շանդորի հրապարակում էինք (այսօր՝ Գուտենբերգ), հայրս հանկարծ կանգ առավ և նշան արեց, որ լռեմ։ Կյորուտի (Օղակաձև պողոտա – Վ.Մ.) կողմից խառն աղաղակներ էին լսվում։ Հայրս ասաց, որ չպետք է սովորական ճամփով գնանք, այլ շրջանցենք։ Նա շտապեց դեպի հարևան մութ փողոցներ. ես նույնիսկ չգիտեի, թե ուր ենք գնում։ Աղաղակները կամաց-կամաց մնացին թիկունքում։ Հայրս բացատրեց, որ մոտակա կինոթատրոնում ցուցադրվում է «Հրեա Սյուսը» (Jud Süss) գերմանական ֆիլմը, և կինոթատրոնից դուրս եկած ամբոխը անցորդների մեջ հրեաների է փնտրում ու pogrom (ջարդ – Վ.Մ.) կազմակերպում։ Եվ նա իր գեղեցիկ, խիտ սև մազերով, թեթևակի մերձավորարևելյան ​​դեմքով հեշտությամբ կասկածի կարժանանար, թե իրականում ով է, ով էր` հրեա: Այդ ժամանակ ես ինը տարեկան էի, և երբեք չէի լսել «ջարդ» բառը։ Հարցրի հորս, թե դա ինչ է։ Նա այդպես էլ չկարողացավ բացատրել: Միգուցե չէր ուզում: Բայց խոսքի էությունն ինձ բացահայտեցին նրա դողդոջ ձեռքերն ու պահվածքը։ Ես հասկացա՝ իմ որոշ հատկանիշների պատճառով, որոնց մասին ես շատ բան չգիտեի, պետք է վախենամ մարդկանցից։ Եվ իմ մանկական հոգին այն հանկարծակի գիտակցումով համակվեց, որ ինձ, ըստ ամենայնի, չեն սիրում այստեղ»։ (Էսսեից, որ Կերտեսը գրել է գերմանական Zeit Magazin-ի խնդրանքով, 1997-ին)։

Փոքրիկ Իմրեն պաշտում էր կինոթատրոնները, որտեղ փրկվում էր իրականությունից՝ ծնողները վաղ էին բաժանվել. սիրված երեխա չէր զգում իրեն։ Նա տեսել էր ժամանակի բոլոր ամերիկյան ֆիլմերը։ Արդեն հիշատակածս Դյորդյ Շպիրոն նշում է, որ դրանց ազդեցությունը զգացվում էր Կերտեսի հասուն տարիքի հագուստի ոճի ու շարժուձևի մեջ։

Երբ ես Գուտենբերգի հրապարակ մտա, հայտնվեցի 1940-ականներին։ Առաջին իսկ շենքի սյունակամարավոր մուտքի դիմաց, «Կիրիկոյի անգութ լույսի մեջ կանգնած» (հիշատակածս էսսեից) մի շքեղ ավտոմեքենա տեսա, որ այդ տարիներին սպասարկում էր բարձրաստիճան ֆաշիստներին։

Film Lee

Lee գեղարվեստական ֆիլմի նկարահանումներից, լուսանկարները՝ հեղինակի

Բարեբախտաբար, գերմանական «ժամանակի» մեքենան չհասցրեց ինձ սարսափ ներշնչել։ Քիչ անց ամերիկյան ռազմական ջիպ տեսա, հետո՝ ևս մեկը, ինչից պարզ դարձավ, որ եթե նույնիսկ ընկել եմ 1940-ականներ, ապա պատերազմն ավարտվել է, ես հակահիտլերյան Արևմտյան ուժերի գոտում եմ։

Սկսեցի լուսանկարել, որ ապացույց ունենամ, թե ինձ հետ ինչ է կատարվել, բայց շուտով մի երիտասարդ ինձ հորդորեց չանել՝ նկարահանում է։ Միայն հաջորդ օրը պարզեցի, որ Lee ֆիլմն էին նկարում, որի գլխավոր դերում Քեյթ Ուինսլեթն էր՝ իմ ամենասիրած դերասանուհիներից (հատկապես՝ Revolutionary Road, «Հեղափոխական ուղի» կինոնկարով, 2008)։ Շուտ իմանայի, ոտքս կախ կգցեի, որ տեսնեի իրեն… ինքն էլ ինձ կտեսներ։))

Դուրս գալով հրապարակից՝ ես մտա հարևան մութ փողոցները, որ պատկերացնեմ, թե ինչ ապրումներ կունենար իննամյա հրեա երեխան, որը զգում է, թե ինչպես է դողում հոր ձեռքը։ Որը զարհուրած է՝ ուր որ է մի կինոթատրոն ժողովուրդ կսկսի որսալ իրեն (կամ հայ երեխան 1895-1896, 1914-1923 թվականների խառը հայ-թուրքական քաղաքներում)։ Ընդ որում, Կերտեսի մեջբերված հուշը վերաբերում է 1940 թվականին. տարեցտարի ավելի դաժան էին դառնալու հրեաների հետապնդումները, մինչև 1944-ին վերածվեին զանգվածային սպանությունների և աքսորի դեպի «մահվան ճամբարներ»։

Նոբելյան մրցանակ՝ ի վերջո վաստակած պա՞րգև, հրա՞շք, թե՞ հրեական լոբբինգ

Հայրենակից գրողի՝ հեղինակավոր միջազգային այս պարգևը ստանալու դեմ հունգարական դժգոհության ալիքը ինձ հայտնի միակ դեպքն է մրցանակի պատմության մեջ։ Չհաշված Բորիս Պաստեռնակի հրաժարումը, 1958-ին. նա իրեն անարժան համարեց հաջորդ իսկ օրը՝ վկայակոչելով սովետական հասարակության ընկալումը, բայց հասկանալի էր, որ պատճառը ժողովուրդը չէր, որը մեկ օրում նրան համոզեց, թե անարժան է, այլ ՍՍՀՄ քաղաքական ղեկավարության կոպիտ ճնշումը։

Ճիշտ է, Պաստեռնակին (նույնպես՝ հրեա) մինչ այդ Նոբելյան մրցանակի էին ներկայացրել 4 անգամ, սկսած 1946-ից, Կերտեսին՝ ոչ մի։ Կերտեսի գրքերից մի քանիսն էին միայն թարգմանվել գերմաներեն ու անգլերեն։ Սա իրականում արդար չեմ համարում որպես չափանիշ։ «Փոքր ժողովուրդների» գրականությունը հազար ու մի արգելք պետք է հաղթահարի միջազգային ասպարեզ դուրս գալու համար։ Մյուս կողմից, եթե գրողի ստեղծագործությունը օտար ընթերցողին/գրականագետին ծանոթ չլինի, նա ինչպե՞ս որոշի՝ մրցանակի արժանի՞ է, թե՞ ոչ։

Կերտեսը յուրատեսակ խոստովանություն ունի՝ իր մեկնաբանությունը, որը ևս հաստատում է, որ մրցանակն իրեն համբավի կամ ստեղծագործական նվաճումների համար չի տրվել.

«Ինձ Նոբելյան մրցանակը միայն հենց նրա համար տվեցին, որպեսզի այս տեսակի՝ Հոլոքոսթի ականատեսի-գրականությանը մրցունակություն շնորհեն»։

Գուցե սա հայ ընթերցողի շոկ պատճառի, քանի որ մենք հրեաներին «բախտավոր» ենք համարում, որ Գերմանիան ճանաչել է իր գործած ցեղասպանությունը։ Բայց զարգացումները հանգեցրել են մի վիճակի, որը գերմանական Die Zeit շաբաթաթերթի լրագրողը Կերտեսի հետ 2013 թվականի հարցազրույցում բնութագրում է որպես համարյա թե «Հոլոքոսթի բիզնես»։ Խոսքը Գերմանիայում լայնորեն նշվող հիշատակի միջոցառումների մասին է, որտեղ հաճախակի հանդես է եկել նաև ինքը՝ Կերտեսը։ Գրողը համաձայնում է, որ նման բիզնես ձևավորվել է, և հեգնանքով ինքն իրեն կոչում է «Հոլոքոսթի ծաղրածու»։

Կերտեսի վարկածը, թե իր մրցանակը հրեաները չեն «դասավորել», այլ հրեաների ցեղասպանության ձեռքը կրակն ընկած երկրները… չի բացատրում, թե արդյոք խնդիրը այդքան հրատապ էր միջազգային գրական ասպարեզում։ Եվ եթե այո, ինչ մեխանիզմով է իրեն առավելություն տրվել։

շարունակելի

My Hungarians: Faces, Places and Traces
#EU4Culture

Հունգարական օրագիր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ձեւով՝ արեւմտյան, բովանդակությամբ՝ ռուսական
հաջորդը
Միջնորդի դերի կորուստն անխուսափելիորեն կհանգեցնի սրացման․ ՌԴ քաղաքագետ

Նման հոդվածներ

Վահրամ Մարտիրոսյան. Հունգարական օրագիր-5

19:00 | 07.02.2023

Վահրամ Մարտիրոսյան. Հունգարական օրագիր-4

19:00 | 06.02.2023

Վահրամ Մարտիրոսյան. Հունգարական օրագիր-2

20:15 | 03.02.2023

Վահրամ Մարտիրոսյան. Հունգարական օրագիր-1

16:30 | 17.12.2022

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023
  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա